ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Բորելն ԱՄՆ նորընտիր նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում շարունակական համագործակցության հույս է հայտնել

0

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում շարունակական համագործակցության հույս է հայտնել՝ միաժամանակ տեղեկացնելով ուժեղ և ինքնիշխան Եվրոպա կառուցելու ծրագրերի մասին։ Բորելը համապատասխան գրառում է կատարել X ցանցում։

«Արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը ջանք չի խնայի ԱՄՆ-ի հետ ակտիվ հարաբերություններ պահպանելու համար: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կշարունակի կատարել իր պարտավորությունները տարբեր ոլորտներում՝ սկսած պաշտպանությունից և անվտանգությունից մինչև կլիմայական խնդիրներ, որպեսզի կառուցի ուժեղ և ինքնիշխան Եվրոպա»,- գրել է Բորելը։

Նա նշել է նաև, որ Թրամփի ընտրությունը հետևանքներ կունենա գլոբալ անվտանգության տեսանկյունից մտահոգություն առաջացնող բոլոր տարածաշրջանների համար, ներառյալ Մերձավոր Արևելքը և Ուկրաինան:

Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչներից մեկը լրագրողներին հայտնել էր, որ Բրյուսելում բոլորը սպասում են ամերիկյան ընտրությունների արդյունքներին, քանի որ հենց դրանցից է կախված լինելու եվրոպական երկրների կողմից Ուկրաինային հատկացվելիք հետագա աջակցության մակարդակը: Աղբյուրը չէր բացառել, որ եվրոպական մի շարք երկրներ կարող են վերանայել նման օգնությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ իրենց վերաբերմունքը:

2020 թվականի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակից հետո եվրոպական կառույցների ղեկավարները հայտարարել էին, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող նախագահի օրոք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերությունները կհասնեն գործընկերության նոր մակարդակի: Ընդ որում, Ժոզեպ Բորելը խոստովանել էր, որ ԱՄՆ-ը մինչ այդ ղեկավարած Թրամփի օրոք այդ հարաբերություններում եղել էին որոշակի բարդություններ: