Մակնշման փոփոխման հետևանքով կոնյակի սպառումը 50-60%-ով կրճատվելու է, եթե ոչ ավելի. Մրգանուշի գինու-կոնյակի գործարանի տնօրեն
Մրգանուշի գինու-կոնյակի գործարանի տնօրեն Նիկոլայ Վիրաբյանը վստահ է, որ իրենց գործն էլ ավելի է բարդանալու, երբ սկսեն հայկական կոնյակն արտահանել «Հայկական բրենդի» անվամբ։
««Հայկական կոնյակ» անվամբ էլի կարողացել ենք լավ արտահանում ապահովել, հիմա ծանր է լինելու, բայց եթե ֆրանսիացիներն արդեն չեն թողնելու, ի՞նչ կարող ենք անել»,- «Մեդիալաբին» ասում է գինեգործ, Մրգանուշի գինու-կոնյակի գործարանի տնօրեն Նիկոլայ Վիրաբյանը։
Նշենք, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց, որ «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ են արվում:
Ըստ նրա՝ երկու շաբաթից կմեկնարկի ԵՄ աջակցության ծրագիրը: Ծրագրի շրջանակում ԵՄ-ն աջակցություն կտրամադրի հետևյալ ուղղություններով՝ սահմանել շուկա հանվող կոնյակի որակական հսկողության ապահովման նպատակով լաբորատոր ենթակառուցվածքների պահանջները, նախագծել որակի վերահսկման կայուն համակարգ՝ արտադրանքի ստուգման և հավաստագրման ստանդարտացված ընթացակարգով, վերահսկել կոնյակի նոր անվանման օգտագործումը և զարգացնելու կարողությունները և այլն:
Նիկոլայ Վիրաբյանի խոսքով՝ սա նոր բան չէ, դեռ վաղուց Իսրայել կոնյակ արտահանելիս ինքը գրում է «Հայկական բրենդի» անգլերենով, որովհետև այնտեղ չեն թողնում «Կոնյակ» մակնշմամբ արտադրանք ներմուծել։
«Դե դա ընդունված բրենդ է, ֆրանսիական հայտնի քաղաքն է, այս խնդիրը վաղուց կար, որ բարձրաձայնում էր Ֆրանսիան, ուղղակի Ռուսաստանը հաշվի չէր առնում, բայց հիմա որ ճնշումներն ավելի շատացան, երևի փորձում են այնպես անել, որ Ռուսաստանն էլ չընդունի այդ մակնշումը»,- ասում է Նիկոլայ Վիրաբյանը։
Գինեգործի խոսքով՝ սպառման մասով ծանր է լինելու վիճակը, բայց պետք է հարմարվեն իրականությանը։
«Սպառումը 50-60%-ով կրճատվելու է, եթե ոչ ավելի, մեր իշխանությունն էլ, քանի որ դրսում թելադրող չէ, չէր կարող այնպես անել, որ «Կոնյակ» անվանումը շարունակեր կիրառելի մնալ, դա մեր բանակցելով չէ, դա միջազգային, համաշխարհային մասշտաբի բան է, մեր բանակցելն այդտեղ դեր չունի»,- ասում է Մրգանուշի գինու-կոնյակի գործարանի տնօրենը։
Արտադրող ընկերությունները դեռ ունեն «Հայկական կոնյակ» մակնշմամբ շշեր, ու ժամանակ է պետք, որպեսզի դրանք սպառեն ու կարողանան ծախսերի տակից դուրս գալ, վստահ է Վիրաբյանը, բայց թե դա ինչպե՛ս պետք է անեն, չգիտեն, որովհետև նախարարությունից այդ մասով իրենց դեռ ոչինչ չեն ասել։
«Այնպես չէ, որ հիմա արտահանման ծավալները լավ են, տոկոսային հստակ թիվ չեմ կարող ասել, բայց ահագին նվազել է, Ռուսաստանում ահավոր թուլացել է, պատերազմական իրավիճակն է պատճառը, թե՞ այլ խնդիր կա՝ չգիտեմ։ Սրան էլ կգումարվի անվան փոփոխությունը, ու արտահանման ծավալներն ավելի կնվազեն»,- վստահ է Նիկոլայ Վիրաբյանը։
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Մակնշման փոփոխման հետևանքով կոնյակի սպառումը 50-60%-ով կրճատվելու է, եթե ոչ ավելի. Մրգանուշի գինու-կոնյակի գործարանի տնօրեն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.