Թրամփն ավելի մեծ աջակցություն կցուցաբերի Իսրայելին, Իրանի նկատմամբ կմեծացնի ճնշումները, նա հետաքրքրված չէ մեր տարածաշրջանով. քաղաքագետ
Այս պահի դրությամբ Թրամփը կարծես հաղթում է ԱՄՆ նախագահական ընտրություններում: Նախագահ դառնալու համար պետք է ընտրիչների կոլեգիայի 270 ձայն, և Թրամփը շատ մոտ է այդ արդյունքին, Fox news-ի տվյալներով՝ արդեն ունի 277 ձայն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրություններին:
Իսկ թե թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրվելու դեպքում ինչ տեղի կունենա բոլոր այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն ունի ներկայություն, այս կամ այն կերպ շահագրգիռ կողմ է, քաղաքագետը նշեց, որ, օրինակ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարրիսի ընտրվելու դեպքում Ուկրաինային ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը շարունակվելու է:
«Հարրիսը նույնիսկ բանավեճի ժամանակ Թրամփին մեղադրեց, որ նա լքելու է իր դաշնակցիներին: Ամբողջ ընտրարշավի ժամանակ Հարրիսը մեղադրում էր Թրամփին, որ նա անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերելու Ուկրանիային, իսկ Թրամփն էլ ասում էր՝ իր նպատակն այն է, որ պատերազմը դադարեցվի: Ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում Թրամփը հակված է ստատուս քվոյի պահպանմանը, այսինքն՝ կողմերը, որտեղ կանգնած են, կմնան այդտեղ ու սկսեն բանակցությունների շարքը, կոնֆլիկտը սառեցվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, Վարդանյանը նշեց, որ այստեղ իրավիճակն այլ է: «Թրամփը համարվում է ամենաիսրայելամետ նախագահը ԱՄՆ պատմության մեջ: Նրա օրոք Իսրայելին բավական մեծ օգնություն է ցուցաբերվել ԱՄՆ կողմից: Թրամփի մերձավորարևելյան քաղաքականության կնքահայրը նրա փեսան է՝ Ջերարդ Քուշները, որը ուղղափառ հրեա է»,- ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ Թրամփն ընտրվելու դեպքում ավելի շատ աջակցություն կցուցաբերի Իսրայելին, և միգուցե դրանից օգտվելով՝ Իսրայելն ավելի կործանիչ հարվածներ կհասցնի իր թշնամական երկրներին, այն դեպքում, երբ Բայդենի վարչակազմը շատ դեպքերում զսպում էր նրան:
Նրա կարծիքով՝ Թրամփն Իրանի նկատմամբ ավելի կմեծացնի ճնշումները: «Նա այն նախագահն է, որի օրոք ԱՄՆ-ն դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից և վարել է Իրանին անկյուն մղելու քաղաքականություն: Հենց նրա օրոք Իրանի նկատմամբ բազմաթիվ պատժամիջոցներ սահմանվեցին, սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, որը ազդեցիկ ֆիգուր էր Իրանում: Իրանի հետ ավելի կոշտ գծի հետևորդ է Թրամփը»,- ընդգծեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, նրա խոսքով, դեմոկրատները մեր տարածաշրջանին ավելի մեծ ուշադրություն են դարձրել, իսկ Թրամփը մեկուսացման քաղաքականություն էր վարում:
«Նրա օրոք ԱՄՆ-ն շատ տարածաշրջաններից դուրս եկավ: Հիշեցնեմ՝ Թրամփը որևէ գործուն քայլ չի կատարել՝ կանգնեցնելու 44-օրյա պատերազմը: Իսկ դեմոկրատների օրոք ամեն ինչ արվեց, որ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը լուծվի, նույնիսկ կողմերի վրա ճնշումներ էին գործադրում, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրվի»,- ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ հենց դեմոկրատների օրոք 2022-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գործուն ջանքերի շնորհիվ կանգնեցվեց ադրբեջանական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
«Հենց Բլինքենի զանգից հետո Ադրբեջանը կանգ առավ: Այժմ անորոշությունների փուլ ենք մտնում, չգիտենք՝ այս տարածաշրջանի նկատմամբ ինչ քաղաքականություն կվարի Դոնալդ Թրամփը: Նախորդ փորձով կարող ենք ենթադրել, որ այս անգամ էլ Թրամփը շահագրգռված չի լինի հարավկովկասյան տարածաշրջանով»,- ասաց նա:
Վարդանյանի խոսքով՝ Թրամփի ընտրությամբ շահագրգռված են բռնապետական երկրները՝ ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը: Թրամփն էլ իր հերթին ակնհայտ համակրանք է ցույց տալիս բռնատիրական երկրների ղեկավարների նկատմամբ՝ Պուտին, Օրբան և այլն: «Սա միանշանակ չի բխում Հայաստանի շահերից, Թրամփի ընտրությամբ աշխարհը, այդ թվում այս տարածաշրջանը մտնում է անորոշությունների փուլ»,- եզրափակեց քաղաքագետը: