Համաշխարհային առաջնորդները շնորհավորել են Թրամփին
Համաշխարհային առաջնորդներն ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին շնորհավորել են հաղթանկի կապակցությամբ:
Հանրապետական թեկնածուին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նշենք, որ Թրամփն իրեն նախագահ է հայտարարել: Նա այս մասին ասել է Վեսթ Փալմ Բիչում իր աջակիցներին, գրում է cnbc.com-ը:
«Մենք պատրաստվում ենք օգնել մեր երկրին ապաքինվել: Մենք պատրաստվում ենք մեր երկրի վերաբերյալ ամեն ինչ շտկել: Այս երեկո մենք պատմություն կերտեցինք: Սա իսկապես կլինի Ամերիկայի ոսկե դարաշրջանը», - ասել է Թրամփը Վեսթ Փալմ Բիչում իր աջակիցներին:
Աղբյուրը նկատում է, որ ո՛չ Թրամփը, ո՛չ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսը չեն ապահովել հաղթելու համար անհրաժեշտ ընտրական կոլեգիայի 270 ձայնը:
Սակայն ըստ Fox News-ի հաշվարկների՝ Թրամփը հավաքել է ընտրիչների 277 ձայն, Հարրիսը` 226: Վերջնական արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ: