ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024

Օտարերկրացիների վեճն ավարտվել է մարմնական վնասվածքներով (տեսանյութ)

0

Հոկտեմբերի 25-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ Կոմիտասի պողոտայում վիճաբանություն է օտարերկրացիների միջև, մեկ անձ դանակահարվել է:

Ահազանգը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը, նաև զարգացումները կանխելու նպատակով, հնարավորինս արագ մեկնել է դեպքի վայր: Այդ ընթացքում հաղորդում է ստացվել արդեն ոստիկանության բաժնում. հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը Կոմիտասի պողոտայից բուժօգնության էր տեղափոխել 30-ամյա օտարերկրացու՝ կրծքավանդակի ծակած վերքով:

Առաջին ահազանգերից մոտ երեք ժամ անց ստացվել է ևս մեկ հիվանդանոցային հաղորդում. «Երևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ դաստակի սալջարդով և ձեռքի կտրած վերքով բուժօգնության են դիմել 26 և 27 տարեկան օտարերկրացիներ: Արաբկիրի ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում, հենց բժշկական կենտրոնի մոտ գիշերվա ժամը 4.15-ին, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով, 26-ամյա օտարերկրացին ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ, երբ իրավապահներն արդեն ճշտել էին վիճաբանության մասնակիցների շրջանակը, բաժին է ներկայացել ևս մեկ օտարերկրացի, որը, ըստ հավաստի տեղեկությունների, նույնպես մասնակցել էր վիճաբանությանն ու պատճառել մարմնական վնասվածք:

Օտարերկրացիներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: