ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդին՝ գործուն մասնակցությամբ զորավիգ լինել Լիբանանի հայերին․ ՀՅԴ Բյուրո

0

2019-ի հոկտեմբերից սկսած Լիբանանի տագնապը նոր և վտանգավոր դրսևորումներով է ներկայանում այսօր:

2024-ի սեպտեմբերից ի վեր երկիրն անընդհատ ենթակա է հարձակումների, և Լիբանանում ամբողջապես տիրում է պատերազմական վիճակ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։

«Հարավային Լիբանանից՝ Բեյրութ և նրա հարավային արվարձանները, Բեքա, Բաալբեկ ևբազմաթիվ այլ տարածքներ ենթարկվում են բազմաթիվ ռմբակոծումների: Զոհերի թիվը մինչև այսօր հասնում է շուրջ 3,000-ի, վիրավորներինը՝ 13,000-ի: Ամբողջությամբ քանդվել են բնակելի շենքեր, այրվել հողատարածքներ: Ներքին գաղթականների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 1,200,000: Գաղթականներն ապաստանում են համեմատաբար ավելի ապահով շրջաններում, Լիբանանի ամբողջ տարածքում՝ ներառյալ Բուրջ Համուդ, Այնճար և այլ հայաբնակ թաղամասեր: Հայ քաղաքացիները և հայկական շրջաններն մինչ օրս պատերազմից լուրջ վնաս չեն կրել:

Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական կոմիտեն տեղում անմիջականորեն հետևում է երկրի կացությանը, քաղաքական, ռազմական և սոցիալական իրավիճակին. ազգային իշխանությունների, հայկական կուսակցությունների, ուղեկից միությունների, ինչպես նաև բարեգործական հաստատությունների հետ առկա մնայուն կապն ու գործակցությունը նպաստում են գաղութի անվտանգության պահպահմանը և գոյացած դժվարություններին լուծումներ գտնելու աշխատանքին:

Այդուհանդերձ, կացությունը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ, եթե նկատի ունենանք անմիջական քաղաքական լուծումների բացակայությունը: Այսինքն՝ դիմագրավում ենք լուրջ տագնապ:

Անհրաժեշտ է ամրապնդել անվտանգության աշխատանքը:

Անհրաժեշտ է բաց պահել մեր կրթական հաստատությունները:

Անհրաժեշտ է հասնել կարիքավորներին, որոնց թիվը, բնականաբար, կավելանա ժամանակի ընթացքում:

Մեր կազմակերպությունը՝ իր ակումբներով, գրասենյակներով և կառույցներով, ուղեկից միություններով (ՀՕՄ-ԼՕԽ, ՀՄԸՄ և Համազգային), աշխույժ աշխատանք տանելով հանդերձ, իր կարողությունների նվազագույն աստիճանին հասած լինելով, գոյատևելու լուրջ խնդիր ունի:

Ժողովուրդը սոցիալական և տնտեսական ծանրագույն պայմանների մեջ է: Գործատուներն ու առևտրական հաստատությունները փակված են կամ դիմագրավում են փակվելու վտանգը: Գործազրկությունն աճել է, ապրանքների, բնակարանների վարձերն անհամեմատ բարձրացել են, կենցաղային դրությունը գաղթականներերի առկայության պատճառով՝ բարդացել:

Չնայած այս վիճակին՝ անհրաժեշտ է ոտքի մնալ: Միասնաբար պարտավոր ենք զորակցել մեր կառույցների գոյատևմանը, առանց որոնց Լիբանանի հայությունը լրջորեն կվտանգվի:

Ավելորդ է մեկ անգամ ևս կրկնել, ընդհանրապես, միջինարևելյան և, մասնավորապես, Լիբանանի գաղութների համահայկական կարևորության մասին: Հետևաբար, ներկա դժնդակ պայմաններում լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը:

Այս նպատակով մեր մի շարք շրջաններում արդեն իսկ սկսվել է հանգանակություն. հանգանակություն շուտով կսկսվի նաև այլ շրջաններում: Կոչ ենք ուղղում մեր ժողովրդին՝ այս նոր ճգնաժամի պահին գործուն մասնակցությամբ զորավիգ կանգնել լիբանանահայությանը»,- ասված է հայտարարության մեջ։