ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

62 մլն դրամ՝ հաջողակ տղամարդկանցից սկսնակ գործարարներին․ տեղի է ունեցել «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը

0

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ:

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի նպատակը Հայաստանում փոքր բիզնեսի զարգացումն է, և այդ ամենը «Իմ քայլը» հիմնադրամն անում է բարեգործության նոր մշակույթ ձևավորելով․ բարեգործական ընթրիքը հիմնադրամը դարձրել է ավանդույթ։

««Իմ քայլը» հիմնադրամը հանդիսանում է կամուրջ՝ տարբեր բնագավառներում հաջողության հասած և բիզնեսում առաջին քայլերն անող մարդկանց միջև։ Մենք այս ծրագիրն իրականացնելու ենք տարվա մեջ երկու անգամ՝ գարնանը և աշնանը։ Այս գարնանը «Հաջողակ կին գործարարից սկսնակ կին գործարարին» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել էր 42 կին գործարար, և մարզերում աշխատող և բիզնեսը նոր սկսող կամ ընդլայնող 42 շահառու ստացավ մեկական միլիոն դրամ։ Այսպիսով, «Իմ քայլը» հիմնադրամը խթանում է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացումը և ստեղծում է նոր աշխատատեղեր։ Վստահ եմ, որ այս ծրագիրը շարունակական կլինի»,- բացման խոսքում նշել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

Այս ծրագիրը մեծ կարևորություն ունի ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի, ոչ միայն ծրագրի շահառուների համար, որոնք կստանան դրամաշնորհներ, այլ նաև մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, մեր երկրում բարեգործության մշակույթ ձևավորելու համար՝ ելույթում ընդգծել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։

«Մեր հիմնադրամը չի զբաղվում գումար, սնունդ, հագուստ բաժանելու միջոցով բարեգործություն իրականացնելով, մենք փորձում ենք մարդկանց ոտքի կանգնեցնել, և մեր բոլոր ծրագրերը կամ կրթական են, կամ սոցիալական՝ միայն այն նպատակով, որ մարդկանց օգնենք առաջին քայլերն անել կամ առաջին քայլեր արածին օգնենք մի մեծ աստիճան վերև բարձրանալ, դառնալ ինքնաբավ ու հաջողակ։ Այսօրվա մեր ընթրիքը ես համարում եմ ավելին քան կայացած։ Ինչո՞ւմ է իմ ոգևորությունը՝ ես 6 տարի «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահն էի, և այդ ընթացքում այսպիսի ընթրիք առաջին անգամ ենք անում՝ սկզբում կանանց, հիմա էլ հաջողակ գործարար տղամարդկանց հետ»,- նշել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը։

«Երիտասարդի երազանք» նախագիծը «Հաջողակ կին գործարարից սկսնակ կին գործարարին» նախագծից որոշակիորեն կտարբերվի. սկսնակ գործարարները  կմասնակցեն բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացների, որպեսզի ստանան անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ բիզնեսը ճիշտ կառավարելու, աշխատաշուկա ճիշտ մուտք գործելու համար։ Աննա Հակոբյանի խոսքով՝ շահառուները հիմնադրամից կստանան այնքան գումար ու աջակցություն, որքան անհրաժեշտ լինի բիզնեսը զարգացնելու կամ նորը սկսելու համար։ «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավարը ներկաներին վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում հիմնադրամը կկրկնապատկի այս գումարը, եթե շահառուները ներկայացնեն լավ ու մրցունակ բիզնես ծրագրեր։

Երկրի զարգացման մասին խոսելիս առանցքում աշխատանքն է, դրա նկատմամբ մարդու վերաբերմունքը և իրական հերոսությունն ու սխրանքն ամենօրյա սեփական մտքով և ուժով աշխատանքին նվիրումն ու նոր արժեք ստեղծելն է՝ շարունակել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Այս ծրագրի հիմքում դրված է հոգատարություն, որը գալիս է մարդուն խրախուսելու ոչ թե դառնալ առավել կախված, այլ առավել ինքնաբավ, առավել անկախ, առավել ինքնուրույն, առավել ինքնավստահ և առավել կայուն։ Այս մասին է իրականում ծրագիրը, և ծրագրի փիլիսոփայությունը հենց դրանով է գեղեցիկ․ մի կողմից այն մեկմեկու նկատմամբ հոգատարության մասին է, մյուս կողմից՝ այն բարեգործության մասին մեր պատկերացումներն ու ընկալումները վերանայելու և փոխելու մասին է»,- շեշտել է Մխիթար Հայրապետյանը։

Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել շփվել միմյանց հետ, քննարկել հիմնադրամի ծրագրերը։ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մասին ամբողջական պատկերացում կազմելու համար Թալին Թօփալաքեանը սահիկաշարով ներկայացրել է իրականացված, իրականացվող ու նախատեսվող բոլոր ծրագրերը։

«Իմ քայլը» հիմնադրամը «Երիտասարդի երազանք» նախագծով հետաքրքրված բոլոր սկսնակ գործարարներին հիշեցնում է, որ ծրագրի շահառու դառնալու և դրամաշնորհ ստանալու հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 4-ն է։ Ծրագրին կարող են դիմել 25-40 տարեկան տղամարդիկ, որոնք ունեն գործող փոքր բիզնես կամ բիզնես գաղափար ունեցող ֆիզիկական անձինք։

Նախագծի շահառու դառնալու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը:

The post 62 մլն դրամ՝ հաջողակ տղամարդկանցից սկսնակ գործարարներին․ տեղի է ունեցել «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.