Տաջիկստանում արգելվել են GTA և Counter-Strike տեսախաղերը
Տաջիկստանում արգելվել են GTA և Counter-Strike տեսախաղերը։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը, գրում է nsn.fm-ը:
Գերատեսչությունը վկայակոչել է Տաջիկստանի մշակույթի նախարարության փորձաքննությունը, որը ցույց է տվել, որ այդ տեսախաղերը պարունակում են «բռնության, սպանության և կողոպուտի տարրեր»։
Երկրի ներքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ խստիվ արգելվում է բռնի ու անբարոյական բնույթի խաղերի ու տեսանյութերի տարածումը։ Արգելքն ազդել է խաղային ակումբների վրա, սակայն դեռահասների ծնողներին խորհուրդ է տրվել հետևել արգելքին, քանի որ երեխաները երբեմն հանցագործություններ են կատարում՝ ընկնելով տեսախաղերի բացասական ազդեցության տակ:
Տաջիկստանի ոստիկանությունը նախազգուշացրել է, որ ստուգումներ և ռեյդեր կիրականացնեն։