Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Ինչո՞ւ է ընդհանրապես մեր իրականության և մեր մշակույթի մեջ Կոմիտաս Վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում, որովհետև ոչ նյութական ժառանգության մի մասը, ըստ էության, անէանալուց փրկել է՝ գյուղեգյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով և այսպես շարունակ: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն ժամանակ մենք պետություն չենք ունեցել, բայց հիմա մենք պետություն ունենք, որը պարտավոր է այդ մշակութային քաղաքականության ուղղությունն իրականացրել: Եթե մեզ թվում է՝ մենք հիմա չունենք այդպիսի կորսվող ոչ նյութական արժեքներ, չարաչար սխալվում ենք»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ այս թեմայի հետ առնչվել են և բավական երկար ժամանակ աշխատում են: «Ոչ նյութական, կարևոր արժեք է մեր խոհանոցը: Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը՝ որպես ազգային արժեք»,- ասաց նա:
Ապա Փաշինյանը պատմեց, որ գյուղեր այցելելու ժամանակ, երբ մարդիկ իրենց կենցաղին են ծանոթացնում, հյուրասիրում են տարբեր ուտեստներ, որոնք իրենց անծանոթ են, և իրենք նույն տեղանքի ռեստորանում փորձում են այդ ուտեստը պատվիրել, նույնիսկ լսած չեն լինում դրա մասին:
«Նման մի քանի դեպքերից հետո ես խնդիր դրեցի, որ մրցութային կամ գրանտային ծրագիր իրականացնենք, որ մեր մասնագետներն անցնեն բնակավայրերով, յուրահատուկ բաղադրատոմսերն ու ճաշատեսակաները հավաքեն: Կարևոր է նաև դրա վերջնական նպատակը: Դրա նպատակն արխիվացնելը չէ, այլ տուրիզմի զարգացմանը զուգահեռ՝ մենք նաև մեր հանրային սննդի բիզնեսի հետ պետք է համագործակցենք, փորձենք նրանց առաջարկել, որ ներառեն ճաշացանկերում»,- նշեց վարչապետը:
Ըստ նրա՝ նույնն էլ երեխաների խաղերի պարագայում է: «Այն խաղերը, որոնք երեխաները մի ժամանակ խաղում էին բակերում և փողոցներում, մեզ հայտնի պատճառներով դրանք կամաց-կամաց անէանում են: Տասնամյակներ անց հենց Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտները միլիոններ պիտի ծախսեն այդ ինֆորմացիան պատառ-պատառ հավաքելու համար»,- նշեց նա: