ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Այն, ինչ Փաշինյանը հայտարարում է իբրև խաղաղության պայմանագիր, իրականում կապիտուլյացիա է. Հրաչյա Արզումանյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը

– Պարո՛ն Արզումանյան, Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին, և, ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի, Հայաստանի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին կօգնի Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության հասնելու գործընթացում։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ին, ու հնարավոր համարո՞ւմ եք, որ Փաշինյանը կառույցին անդամակցելու որոշում կայացնի։

– Ես, իհարկե, բացասական եմ գնահատում մասնակցության որոշումը, բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց եվրասիական ռազմավարությունը։ Որոշումն ինձ համար սպասելի էր, ես մտահոգված եմ նաև Ստամբուլում «3+3» հարթակում հայտարարության ստորագրմամբ՝ մեզ համար պարտվողական, կատաստրոֆիկ հարթակ, ու դրա ֆոնին բավականին դժվար է կանխատեսել Հայաստանի իշխանության քայլերը, որովհետև Նիկոլ Փաշինյանի քայլերը միտված չեն Հայաստանի ու ազգային շահերի պաշտպանությանը, այլ՝ իշխանությունը պահելու տրամաբանությանը։ 

Հուսով եմ, որ ԲՐԻԿՍ-ում Նիկոլ Փաշինյանը որևէ անսպասելի քայլ չի կատարի, բայց հավանականությունը զրոյի հասցնել, որ նա այնտեղ խաղաղության պայմանագիր չի ստորագրի, մենք, ցավոք, չենք կարող, հույսներս պետք է այն լինի, որ Ադրբեջանին պետք չէ խաղաղության պայմանագիր։ 

Անդամակցությանը ես դեմ եմ, որովհետև Հայաստանն ավելի շուտ պետք է ընտրի եվրոպական պետությունների ուղղությունը, իսկ ԲՐԻԿՍ-ը, մենք գիտենք, G7-ի այլընտրանքային տարբերակն է: ԲՐԻԿՍ-ի շուրջ հավաքվող երկրներն ավելի շուտ ավտորիտար երկրներ են, ու հասկանալի է, որ Հայաստանը որպես ավտորիտար երկիր չի կարող ապագա ունենալ։ Ճիշտ է, Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե իրենք ժողովրդավար են, բայց 2018-ից հետո շատ քիչ բան է փոխվել հայկական պետությունում ու քաղաքական համակարգում։

– ՌԴ դեսպան Կոպիրկինի խոսքով՝ այն, որ Փաշինյանն ընդունել է Կազանում 16-րդ միավորման գագաթնաժողովի շրջանակներում ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերը, ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։ Համակարծի՞ք եք դեսպանի հետ։

– Ցավոք սրտի, ստիպված եմ համաձայնել Ռուսաստանի դեսպանի հետ, բայց մի փոքր շտկում՝ պետք է խոսենք Պուտինի ու Փաշինյանի լավ հարաբերությունների մասին, այլ ոչ թե պետությունների, որովհետև հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանն այսօր Հայաստանի թշնամին է։ Մի պետություն, որ 2020-ին կազմակերպեց ու հրավիրեց Ադրբեջանին ու Թուրքիային Արցախ, կիսեցին Հայաստանը, չի կարող մեզ բարեկամ լինել։ Բայց Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ էմոցիոնալ կապված է Պուտինի հետ։

– Պարո՛ն Արզումանյան, ճի՞շտ հասկացա ձեր խոսքից, որ «3+3» ձևաչափը ևս Հայաստանի համար արդյունավետ հարթակ չեք համարում։

– Այդ հարթակը ձևավորվեց այն նպատակով, որ Հայաստանի կապիտուլյացիան իրականացվի, ու Արցախի աղետը միջազգային ասպարեզում պետք է օրինականացվի: Դա Ռուսաստանի ու Թուրքիայի ստեղծած հարթակն է՝ հրավիրելու Իրանին։ Դա մեր աղետի ձևավորման հարթակն է, եթե մենք համաձայնել ենք այդ հարթակում շարունակել աշխատել, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ։ Մենք ուրիշ հարթակներ պետք է փնտրենք, որտեղ կարող ենք դաշնակիցներ ունենալ, դրանք արևմտյան հարթակներն են, իսկ եվրասիական հարթակները, Թուրքիայի, Ռուսաստանի հարթակը, իմ կարծիքով, անընդունելի է։

– Բայց իշխանությունը արևմտյան հարթակներից էլ է օգտվում, խոսում էին նաև վեկտորի փոփոխության մասին։

– Չկա նման բան, դա ընդամենը հայտարարություն է, Նիկոլ Փաշինյանը հետխորհրդային Հայաստանի ամենաեվրասիական մոտեցում ունեցող ղեկավարն է։

– Ձեր գնահատմամբ՝ հիմա իշխանության գործողությունները տանում են Հայաստանի կապիտուլյացիայի՞ն, ինչպես ասում եք։

– Նիկոլ Փաշինյանը փորձում է Թուրքիայի ու Ռուսաստանի հետ ձևավորել Հայաստանի կապիտուլյացիան։ Այն, ինչ Փաշինյանը հայտարարում է իբրև խաղաղության պայմանագիր, իրականում կապիտուլյացիայի պայմանագիր է։ Հայաստանն ընդունում է իրեն ներկայացված բոլոր պահանջները, բայց մեզ փրկում է այն, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի ախորժակը գնալով մեծանում է, ու դա բնական է, որովհետև ավտորիտար երկրներն իրենց քաղաքականությունը ձևավորում են պատերազմի ու ուժի միջոցով՝ հասնելով իրենց նպատակներին։ 

Ալիևը հայտարարել է, որ խաղաղության է հասնելու ռազմական ուժի միջոցով, Նիկոլ Փաշինյանը ուղղակի փորձում է ու խաբում է հայ հասարակության որոշ մասին։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը մեկ նպատակ ունի՝ մնալ իշխանության, որովհետև ինքը փայլուն գիտի, եթե իշխանությունը կորցնի, կանգնելու է պատասխանատվության առաջ, պետք է պատասխան տա իր քաղաքականության այս վեց տարվա հետևանքների համար, հասկանալով դա, նա փորձում է պահել իշխանությունը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այն, ինչ Փաշինյանը հայտարարում է իբրև խաղաղության պայմանագիր, իրականում կապիտուլյացիա է. Հրաչյա Արզումանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.