ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Հայաստանի չլինելու գնով խաղաղություն կլինի, այլապես՝ ոչ. սա է թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացումը. Փոլադյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը.

 Պարո՛ն Փոլադյան, «3+3» ձևաչափի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպման ժամանակ ձեռք են բերել պայմանավորվածություն՝ արագացնել խաղաղության պայմանագրի կնքմանը միտված աշխատանքները։ ԱՄՆ նախագահն էլ նամակ է ուղարկել Ալիևին՝ կոչ անելով այս տարի ավարտել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Իրատեսակա՞ն է պայմանագրի կնքումը։

– Շատ տեղին հարց եք տալիս, որովհետև այսօր ադրբեջանական հասարակությանը հրամցվում է այն գաղափարը, որ «խաղաղության պայմանագիրը» ամենայն հավանականությամբ չի կնքվի կամ եթե կնքվի, ապա մոտ ապագայում դա չի լինելու։ Ադրբեջանի իշխանությունը վերջին ամիսներին հատկապես ամենօրյա ռեժիմով դա է հրամցնում սեփական հանրությանը։ Ադրբեջանական գործողությունների ֆոնին այդ հանդիպումներն ու խաղաղության մասին հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական խեղկատակություն։ 

Ադրբեջանն իրականում ուզում է մանիպուլյացիաների միջոցով COP29-ից առաջ տպավորություն ստեղծել, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է անցնել նաև Իրանով, բայց այդ ամենն ուղղակի քաղաքական կրկեսի անբաժան մասն է կազմում։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խոսում է ինչ-որ ադրբեջանցիների «վերադարձի» մասին, ու այս ֆոնին խոսում են նաև «խաղաղության» մասին, ինչն ուղղակի անիրատեսական է։ Ու ինչ-որ հույսեր ունենալ այդ հանդիպումներից, քննարկումներից՝ անիմաստ է, որովհետև Ադրբեջանի պետական սեկտորի տարածած հայտարարությունները բոլորովին այլ բանի մասին են։ Հայաստանի չլինելու գնով խաղաղություն կլինի, այլապես՝ ոչ, սա է թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացումը։

 Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է ոչ թե խաղաղություն կնքել, ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ։ Ի՞նչ նկատի ունի նա այս հայտարարությամբ, ո՞րն է մեսիջը։

– Այս հայտարարությանը, ինչպես վերջին շրջանում Ադրբեջանից հնչող գրեթե բոլոր հայտարարություններին, լուրջ չեմ վերաբերվում, որովհետև ակնհայտ են նրանց իրական նպատակները։ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, հակառակ դեպքում պետական հեռուստաընկերություններով անընդհատ չէր ցուցադրի ռեպորտաժներ, վավերագրական ֆիլմեր առ այն, որ ցանկացած պահի ադրբեջանական զինված ուժերը կարող են ձեռնարկել միջոցներ ու վերահսկողության տակ վերցնել մի շարք բնակավայրեր, ռազմավարական նշանակության բարձունքներ Հայաստանի սուվերեն տարածքում։ Եթե իսկապես խաղաղություն ուզենար, մահաբեր ու իրապես հսկայածավալ զինամթերք չէր գնի, ու նմանատիպ օրինակները շատ-շատ են, որոնք ապացուցում են Հայաստանի հետ կապվածԱդրբեջանի իրական նպատակները։ 

 Պարո՛ն Փոլադյան, այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը խոսում խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ադրբեջանական կողմի հետ կապված մտավախություններ չունի, ինչո՞ւ։

– Ադրբեջանը կտրականապես անընդունելի համարեց Հայաստանի այն առաջարկը, որ պայմանագրի համաձայնեցված կետերը ստորագրեն, ապա նոր անցնեն մնացած կետերի համաձայնեցմանը։ Հայաստանի խնդիրն այն է, որ խաղաղության գործընթացին ուղղված իր ցանկացած քայլ Ադրբեջանը ջարդում է նախ քաղաքական խոսույթի մակարդակում, հետո համոզում է սեփական հասարակությանը, որ դա ոչ այլ ինչ է, քան հայկական կողմից հերթական դավադրություն իրենց դեմ։ 

Հայկական կողմը պետք է շարունակի այն գիծը, որը արտգործնախարարն է որդեգրել, երբ հայտարարեց, թե ադրբեջանցիների կողմից բացարձակ չեն տեսնում միտում դեպի խաղաղության գործընթաց, ընդհակառակը՝ ռազմատենչ հայտարարություններ են հնչում։ Այս գիծը պետք է շարունակական լինի, որովհետև հիմա խոսել խաղաղության մասին, երբ Ադրբեջանի ագրեսիվությունն ուղղակի հասել է գագաթնակետին, պարզապես անընդունելի է։

Քրիստինե Աղաբեկյան

The post Հայաստանի չլինելու գնով խաղաղություն կլինի, այլապես՝ ոչ. սա է թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացումը. Փոլադյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.