ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Փաշինյանը չի ցանկացել, որ Արփի Դավոյանը նախարար դառնա, մնացածն ժողովրդավարության իմիտացիա է. Նորիկյան 

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, արդարադատության նախարարի հրաժարականից հետո իշխող քաղաքական թիմը դեռ չի որոշել, թե ում է վստահելու այդ պաշտոնը, շրջանառվեցին ՔՊ պատգամավորներից մի քանիսի անունները, որոնց թեկնածությունը կուսակցության վարչության նիստում մերժվել է։ Այս ամբողջ գործընթացն ինչպե՞ս եք գնահատում, ու ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում նախարար գտնել։

– Տարբեր են զգացողությունները․ մի կողմից այնպիսի տպավորություն է, որ իշխող կուսակցության ներսում շունը տիրոջը չի ճանաչում, այսինքն՝ իրենք մի պրոցես են գեներացնում՝առանց նախապես պլանավորելու, թե ով է լինելու թեկնածուն, որը պետք է նշանակվի նախարարի պաշտոնում։ Արհեստականորեն անուններ են շրջանառում ու հետագայում ամբողջությամբ դուրս են թողնում նրանց։ Մյուս կողմից էլ այնպիսի տպավորություն է, որ այս ամենը Նիկոլ Փաշինյանի կողմից գիտակցաբար է արվում, որովհետև ես հեռու եմ այն մտքից, որ առանց իր գիտության կամ «դաբրոյի» հնարավոր է կուսակցության ներսում կամ իշխանության որևէ գործընթաց գեներացնել։ 

Սա Միշիկի եղբորը նախարարի պաշտոնից հեռացնելու օպերացիան էր, այստեղ ուրիշ որևէ բան չպետք է փնտրել, այստեղ բացառապես պետք է տեսնել քաղաքական հաշվարկ, իսկ այդ հաշվարկը բացառապես Նիկոլ Փաշինյանինն է։ Մենք չենք կարող այստեղ խոսել արդարադատության ոլորտում իրականացվող գործընթացներից դժգոհություն ունենալու հանգամանքի մասին, որովհետև պատճառը դա չի եղել: Խնդիրն այդ տղայից ազատվելն է եղել, ու այդ ամենը գեղեցիկ ձևով փաթեթավորվեց ու ներկայացվեց PR-ի մեծ չափաբաժնով։ 

Իսկ թե ինչու է հաջորդ նախարարի վերաբերյալ այսպիսի աժիոտաժ ձևավորվել, հնարավոր է, որ առանձին անձինք իշխանության ներսում փորձել են զբաղեցնել այդ պաշտոնը ու ինքնագործունեությամբ կամ հավելյալ տպավորություն գործելով փորձել են հաջողության հասնել, մոռանալով հանդերձ, որ Հայաստանը մեկ մարդու կառավարման երկիր է, ու այդ մեկ մարդն է որոշում, թե ով որ պաշտոնում կլինի։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Նիկոլ Փաշինյանն ուզեր, որ Արփի Դավոյանը արդարադատության նախարար դառնար, ապա նա արդեն նախարար էր: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել, մնացածն ուղղակի ժողովրդավարության իմիտացիա է։ 

 – Ինչո՞ւ հենց հիմա որոշեցին ազատվել Միքայել Մինասյանի եղբորից, նշանակման պահին չգիտեի՞ն, որ նրա եղբայրն էր։

– Շատ լավ գիտեին, այն ժամանակ ուրիշ քաղաքական հաշվարկ էր, այն ժամանակվա քաղաքական իրադարձությունները բոլորովին այլ էին, քաղաքական պայմանավարվածություն, առևտուր կային, որ Միշիկը, Սերժը պետք է մի կողմ քաշվեին, չքննադատեին Նիկոլ Փաշինյանին։ Հիմա մոտենում են հերթական խորհրդարանական ընտրությունները, հերթական PR-ի չափաբաժնի համար պատուհան են բացել, ու Նիկոլ Փաշինյանը գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացրել է, որ ազատվում է Սերժի ամենավերջին մնացորդներից։ 

Սա է իրականությունը, որովհետև հուսալ, որ այս ամենը կատարվել է արդարադատության ոլորտի գործընթացների ձախողման ֆոնին, որ նախարարը չի արդարացրել իրեն, անիմաստ է, որովհետև եթե այդպես լիներ, ապա նախարարների կեսից շատը պետք է լքեին իրենց պաշտոնները, էլ չասեմ՝ ամբողջ կառավարությունը։ Զուտ քաղաքական հաշվարկ է՝ մոտենալ ընտրություններին՝ խոցելի ոչ մի տեղ չունենալով։

– Պարո՛ն Նորիկյան, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դժվարանում նոր նախարար նշանակել, վստահության պակա՞ս կա։

– Չեմ կարծում, թե դժվարանում է, ուղղակի իր թիմակիցները մի փոքր շտապել են։ Կգա ժամանակը, նա այդ նշանակումը կանի, չեմ կարող ասել, թե ինչ որակի թեկնածու կառաջադրի, բայց ակնհայտ է, որ նախորդ չորս թեկնածուների կառավարման արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ ունենք։ Մեր ժողովուրդը պետք է գիտակցի՝ վեց տարվա ընթացքում արդարադատության չորս նախարար է փոխվել, հիմա հինգերորդն է փոխվում, բայց ոլորտում ի՞նչն է փոխվում։ Սրա մասին պետք է մտածի մեր ժողովուրդը։ 

Չեմ կարծում, որ հաջորդ նախարարը այս տրամաբանության ու համատեքստում կարող է ինչ-որ շրջադարձային փոփոխություններ իրականացնել։ Վեց տարին բավարար էր արդարադատության համակարգում այնպիսի շռնդալից փոփոխություններ իրականացնելու, որոնք այսօր իսկապես տեսանելի կլինեին։ 

Վեց տարի այս իշխանությունն ուղղակիորեն չկարողացավ բան անել, և՛ քաղաքական կամք չկար, և՛ ինտելեկտուալ կարողությունը։ Կրկնում եմ, որ բացառապես քաղաքական հաշվարկներ են դրված եղել այս փոփոխության հիմքում, որոնք հետագայում՝ ընտրությունների նախօրյակին, հրամցվելու են մարդկանց, որ հանրության մոտ որոշ չափով պարզերես դուրս գան, ուրիշ բան չպետք է փնտրել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաշինյանը չի ցանկացել, որ Արփի Դավոյանը նախարար դառնա, մնացածն ժողովրդավարության իմիտացիա է. Նորիկյան  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.