ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Կանաչների միության» նախագահ, մտավորական Հակոբ Սանասարյանը

0

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Կանաչների միության» նախագահ, հանրային գործիչ և էկոլոգիական ակտիվիստ Հակոբ Արբակի Սանասարյանը: Այս մասին հայտնել է Դավիթ Սանասարյանը:

Ծնվել է 1936թ․ Մարտունու շրջանի Երանոս գյուղում։ Նրա գիտական և հասարակական գործունեությունն ընդգրկում է քիմիայի, բնապահպանության և հանրային առողջության ոլորտները։

Նրա հետազոտությունները ներառել են Ատոմային էլեկտրակայանի ռադիացիոն ռիսկերը և «Նաիրիտ» ԳԱՄ քլորոպրենային կաուչուկի արտանետումների վտանգները։ Սանասարյանը հրապարակել է բազմաթիվ նյութեր՝ հանրությանն իրազեկելով այդ վտանգների մասին։

Սանասարյանը Հայաստանում էկոլոգիական շարժման հիմնադիրներից ու առաջնորդներից էր։ 1987թ. նրա և մի քանի այլ մտավորականների ջանքերով ստեղծվեց «Գոյապահպանություն» միությունը, որն ակտիվ պայքարել է Հայաստանի կենսոլորտի փրկության համար։ 

1989 թ-ից հանդիսանում է «Հայաստանի կանաչների միության» նախագահ և ակտիվ մասնակցություն է ունեցել բնապահպանական հարցերի լուծման գործում։

Բացի իր գիտական և հասարակական գործունեությունից, Հակոբ Սանասարյանն ակտիվորեն զբաղվել է նաև հուշարձանների պահպանությամբ։

Նա հանդիսանում է Օրգանական թափոնների անաերոբ խմորման կայանքի գյուտի հեղինակ (2002թ․ ՀՀ մտավոր սեփականության արտոնագիր թիվ 1256 A2)։

Պայքարել է Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության համար, հրապարակել է շուրջ 30 գիտական հոդված, ինչպես մի շարք բնապահպանական-քաղաքական վերլուծական աշխատություններ, ինչպիսիք էին «Դրվագներ Հայաստանի Էկոլոգիական Շարժումից», «Հայրենաբաղձը» և այլն։

Հակոբ Սանասարյանը եղել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի անդամ և անկախ Հայաստանի առաջին գումարման պատգամավոր, ՀՀ ԳԽ բնության պահապանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: