ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Ճշմարտության վրա հարձակվում են լկտիաբար, բորենիների պես, որովհետև չեն կարող հերքել . Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը

– Սրբազա՛ն, ձեր վերջին հարցազրույցից հետո, երբ ասել էիք, որ Սրբազան շարժման անհաջողության գլխավոր պատճառը երկրորդ ու երրորդ նախագահների «ստվերն ու ուրվականն են», և որ նրանք «պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին ու իրապես հեռանան քաղաքական ասպարեզից», ձեր դեմ արշավ սկսվեց, քննադատության մեծ ալիք բարձրացավ, որը մինչ օրս չի դադարում։ Սպասո՞ւմ էիք, որ նման արձագանք էր լինելու։

– Ավելին ասեմ, ես շատ ավելի լայն ու ամբողջական հարցազրույց տվել եմ «Երկիր մեդիային», որը նույնիսկ եթեր չեն հեռարձակել այդ նույն մոտեցման պատճառով՝ բացահայտելով, որ Դաշնակցությունն էլ նույն նավակի մեջ է մյուսների հետ, այսինքն՝ մեկի պոչը մյուսի տակ է, բոլորը բոլորի հետ կապված են։ Այնպես որ, ինձ համար նաև կանխատեսելի էր, ու ես ուրախ եմ, որ իրենք ինքնաբացահայտվում են, ցույց տալով, որ իրենք մեկ են այսօրվա իշխանության հետ, այն իմաստով են մեկ, որ ուզում են այս վիճակը շարունակվի։ 

– Ձեր ասած այդ հարցազրույցը եղել է News.am-ին տված հարցազրույցից առա՞ջ։

– News.am-ի հարցազրույցից անմիջապես հետո, դրա համար էլ ավելի լայն ու ավելի ամբողջական եմ խոսել։ Այդ հարցազրույցից մեկ ժամ հետո, այդտեղ նաև որոշ քննադատական խոսք Դաշնակցությանն եմ ասել, ինչի պատճառով իրենք, խախտելով լրագրողական էթիկայի բոլոր նորմերը, նույնիսկ եթեր չեն հեռարձակել ու ներողություն չեն խնդրել ինձանից, որ եթեր չեն հեռարձակում։

– Այսինքն՝ ասելիքի բովանդակությունը եղել է նույնը, դրա համա՞ր եթեր չեն հեռարձակել։

– Ոչ միայն նույնն է եղել, նաև շատ ավելի խոր, լայն ու ամբողջական է եղել։ Ես News.am-ից շտապում էի «Երկիր մեդիա», չգիտեի էլ, թե News.am-ում ինչ հարցեր պետք է հնչեին, շատ շտապ այնտեղ հարցազրույցը տվել եմ ու գնացել «Երկիր մեդիա»։

– Սրբազա՛ն, ըստ ձեզ՝ ինչո՞ւ մեր հասարակությունը, քաղաքական դաշտը չեն ընդունում տարակարծությունը, առողջ քննադատությունը։

– Որովհետև, ես ասել եմ, աղջի՛կս, դրանք կուսակցություններ չեն, դրանք մեկ անձի շուրջ համախմբված ակումբներ են, մեկ կենտրոնից սնվող, անձի պաշտամունքի վրա հիմնված ակումբներ են։ Քաղաքական դաշտ՝ որպես այդպիսին, գոյություն չունի Հայաստանում, ու ես ուրախ եմ, որ իմ հարցազրույցով ցույց եմ տվել այդ քաղաքական դաշտի ողջ սնանկությունը, պարապությունը, սնամիջությունը ու միմյանց հետ կապվածությունը, որովհետև հոգևոր նույն կապի մեջ են իրենք, ինչքան հնարավոր է շատ ունենալ, ինչքան հնարավոր է շատ գռփել, վայելել ու այս երկիրը վարի տալ։ Այս ամենով իրենք բոլորը միասնական են։ 

Ես ասել եմ, եթե ուզում են, որ այս շարժումը հաջողի, պետք է իրենք հեռանան, եթե ես էլ իրենց նման մեկը լինեի, ապա չէի խոսի այդ մասին, ի՞նձ ինչ՝ կգնան, կմնան։ Բայց քանի որ ես Հայաստանի փրկությամբ մտահոգված մարդ եմ՝ ի տարբերություն իրենց, դրա համար ես ասում եմ, որ անհրաժեշտ է, որ իրենք հեռանան, եթե ուզում են, որ Հայաստանը ոտքի կանգնի ու փրկվի։ Դա ոչ թե իմ ցանկությունն է, այլ դա օբյեկտիվ իրականությունն է, ի՞նձ ինչ իրենք, իրենց քաղաքական դաշտը, թող իրենց քաղաքական դաշտում ապրեն, վայելեն, բազմանան, ցռան վերգոների քանակը մեծացնեն, ինչ ուզում են՝ թող անեն։

– Ասում եք՝ իրենք մեկ են այս իշխանության հետ, բայց ընդդիմությունը պայքարում է, չէ՞, այս իշխանության դեմ։

– Ձևական բան է, պայքարում է, որպեսզի ինքը գա իշխանության, ոչ թե որ երկիրը փրկի։ Ասում է՝ մենք ուզում ենք, որ այս իշխանությունը գնա, բայց որ մենք գանք: Սա նշանակում է, որ իրենք չեն ուզում փրկել երկիրը, իրենք պարզապես իշխանություն են ուզում։ Իսկ Բագրատ Սրբազանը, մենք իշխանություն չենք ուզում, մենք երկիրն ենք ուզում փրկել, իսկ իրենք ուզում են մեզ օգտագործել իրենց նպատակների համար, բայց մենք չենք օգտագործվում։ 

Հիմա ես, երբ քննադատում էի ՔՊ-ին, իրավունք ունեի քաղաքական գործունեությամբ զբաղվելու, բայց երբ որոշեցի իրենց քննադատել, իրավունք չունեմ քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Ծիծաղելի եք, պարոնա՛յք, ասեք իրենց, ծիծաղելի են, ողորմելի են, թշվառ են, իրենց քննադատությամբ էլ են թշվառ, մանր, փոքրոգի։ Ողորմելի է մեր քաղաքական դաշտը, չորս կողմը ողորմելիություն է պարզապես, ափսոս էս երկիրը։

– Սրբազա՛ն, այս ամենից հետո, երբ պարզ է, որ այդ մարդիկ չեն ընդունում իրենց ուղղված քննադատությունը, երկրի փրկության, այս միջավայրի փոփոխության հույս ունե՞ք։ 

– Աղջի՛կս, իմ ասածն անգամ քննադատություն չէ, առաջարկություն է, որպեսզի լինի այն, ինչ իրենք իբր թե ցանկանում են, որ լինի։ Իմ ասածն առաջարկություն է, ես ներկայացրել եմ վիճակը ու ասել, որ իրենք պետք է հեռանան, որ լավ լինի, սա քննադատությո՞ւն է։

– Ասում են՝ քննադատություն է, չեք գնահատում նախագահների ունեցած ավանդը երկրի կայացման գործում։

– Եթե քննադատություն է, ու ես սուտ եմ խոսել այդ ամենի մեջ, դա հերքում են։ Իրենց քննադատությունների մեջ հերքում կա՞, չկա, իսկ ճշմարտության վրա հարձակվում են, որովհետև ճշմարտությունը չեն կարող հերքել, ճշմարտության վրա հարձակվում են ու հարձակվում են այդպես՝ լկտիաբար, բորենիների պես, շնագայլերի նման, մեկը մյուսին հերթ չտալով։ Իրենց հարձակման մեթոդաբանությունը տեսնելով՝ պարզ է, որ իմ ասածը բացարձակ ճշմարտություն է, ես կարող է մինչ այս կասկածեի իմ ասածի ճշմարտացիության մեջ, հիմա բացարձակ չեմ կասկածում։

– Փրկության հույս կա՞։

– Փրկության հույսը իրենց կողմից իմ ասածը կամավորապես անելն է, եթե կամավորապես չեն անում, ապա ժողովուրդը պետք է անի դա, ինչը ես ասում եմ, այլապես չկա ուրիշ ձև, ուրիշ ճանապարհ չկա։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ճշմարտության վրա հարձակվում են լկտիաբար, բորենիների պես, որովհետև չեն կարող հերքել . Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.