ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Գաղթական ենք, վարձով ենք ապրում, ո՞ւր գնանք. սփյուռքահայ 10 անհատ ձեռներեցի Հրապարակի գետնանցումում գտնվող կրպակները կապարակնքվեցին

0

Մետրոպոլիտենի` «Հանրապետության Հրապարակ» կայարանի գետնանցումում կրպակները փակում են, 10 անհատ ձեռներեց սփյուռքահայեր մնում են անգործ:

Կապարակնքվել են կրպակների դռները, քաղաքացիները չգիտեն՝ ինչպես արագ տեղափոխել իրենց ապրանքը:

«Գաղթական եկել ենք, վարձով ենք ապրում, ո՞ւր գնանք: Հպարտ էինք, որ եկել ենք հայրենիք, խայտառակվեցինք:

Մնացինք անգործ, վատ վիճակ է, ոչինչ չեմ կարող խոսել, կարող է՝ խնդիր ունենամ»,- նշեցին նրանք:

Մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին դատարանում վարույթ կա, Մետրոպոլիտենը սպասում է՝ երբ դատական վճիռը կլինի, ըստ դատական վճռի կհասկանան՝ ով է մեղավոր, ով՝ ճիշտ:

Կրպակների աշխատակիցները պնդում են՝ մինչև փետրվար-մարտ ամիսը պայմանագիր ունեն կնքած մետրոպոլիտենի հետ, որ կարող են դեռ աշխատել:

Այս մասին Ասլանյանն ասաց, որ տարիներ առաջ մետրոպոլիտենը դիմել է քաղաքապետարան և քաղաքապետի որոշմամբ, անհատույց, որոշակի ժամկետով տրվել է Մետրոպոլիտենին այդ տարածքը:

«Տարածքը զբաղեցրել է «Դիադին» ընկերությունը: Անհատույց վարձակալման ժամկետը երբ լրացել է, Մետրոլոպոլիտենը դիմել է ընկերությանը, որ տարածքն ազատի: Մետրոպոլիտենը դիմել է  քաղաքապետին, քաղաքապետի որոշմամբ նորից երկարացվել է այդ ժամկետը, բայց Մետրոպոլիտենն առաջարկել է, որ ընկերությունը տարածքից դուրս գա»,- պարզաբանեց Մետրոպոլիտենի խոսնակը:

Նրա խոսքով՝ ընկերությունը տարածքից դուրս չի եկել, այնուհետև Մետրոպոլիտենին են դիմել տեղում գործունեություն ծավալող քաղաքացիները, որոնք անհատ ձեռներեցներ են:

«10 անհատ ձեռներեց ներկայացել են Մետրոպոլիտենի ղեկավարության հետ հանդիպման, ընթացքում իրենց գույքն անհատույց հանձնել են Մետրոպոլիտենին, այնուհետև անհատույց կնքվել է պայմանագիր Մետրոպոլիտենի և 10 հոգու միջև, դրանից հետո արդեն խնդիր է առաջացել «Դիադինի» և ձեռներեցների միջև»,- ասաց նա:

Նա նշեց, որ հիմա «Դիադինը» դիմել է դատարան,  հասկանալու համար, թե ինչ է կատարվում, դատարանը վարույթ է ընդունել գործը, Մետրոպոլիտենը սպասում է դատարանի վճռին:

Հարցին՝ արդյո՞ք, այլ տարածք հատկացվելու է նրանց, խոսնակն ասաց, որ այս պահին չի կարող ասել:

Սփյուռքահայ ձեռներեցների խնդրի մասին տեղեկանալուց հետո այնտեղ է ժամանել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից Հովհաննես Ալեքսանյանը, ով նշեց՝ պարզապես ահազանգ են ստացել և եկել է հասկանալու՝ ինչ է կատարվում: