«Դոմուսի» սեփականատերը պարտավոր էր դիմել տեսչական մարմին, բայց չի դիմել
Իսակովի պողոտայի` երեկ հրդեհված «Դոմուս» առևտրի սրահի սեփականատերը, որպես հասարակական նշանակության գործունեություն ու միաժամանակ նաև արտադրություն իրականացնող օբյեկտ, պարտավոր էր դիմել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին` հրդեհային անվտանգության նորմերի ստուգում անցնելու համար։ Բայց չի դիմել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը` միաժամանակ հավելելով, որ տվյալ դեպքում ստուգում չանցկացնելը ավելի շատ թյուրըմբռնման հետևանք է եղել։
Բանն այն է, որ, ըստ Զոհրաբյանի, շենքը, որտեղ հիմա տեղակայված է հիշյալ խանութը, վաղուց կառուցված շինություն է եղել և ժամանակին Անշարժ գույքի կադաստրի կողմից պետական գրանցում է ստացել։
«Ավարտական ակտը տեսչական մարմինը տրամադրում է նոր կառուցված շենքերի դեպքում, որի հիման վրա շենքը իրավունք է ստանում պետական գրանցման դիմելու։ «Դոմուսի» այդ շենքն արդեն իսկ գրանցված է եղել, ու վերապրոֆիլավորվելուց, գործունեության տեսակը փոխելուց հետո չի դիմել տեսչական մարմին, որպեսզի հրդեհային անվտանգության նորմերի ստուգում իրականացվի»,– պարզաբանել է Զոհրաբյանը։
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ տեսչական մարմնի շահառուների թվում 30 000–ից ավելի բարձր ռիսկայնության օբյեկտներ կան, և կառույցը ֆիզիկապես հնարավորութոյւն չունի հետևելու, թե ով ինչ գործունեության տեսակ է փոխում։
Ինչ վերաբերում է պլանային ստւգումներին, տեսչական մարմինը հդեհից հետո էլ հայտնել էր, որ 2024թ–ի տարեկան ստուգումների պլանով «Դոմուսի» առևտրային և արտադրական օբյեկտների ամբողջ ցանցում ստուգումներ նախատեսված են ս.թ. 4-րդ եռամսյակում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Հիշեցնենք, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 12։57-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Հրդեհը տարածվել է ոչ միայն «Դոմուսի» պահեստի հատվածում, այլև խանութի։ Այրվել է կահույք, տեխնիկա, շինանյութ։ Զոհեր և տուժածներ չկան. մինչ հրդեհի տարածումը բոլոր աշխատակիցներն ու այցելուները հասցրել են դուրս գալ շենքից։