Համայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ին
ՄԻՊ-ը Երևանի քաղաքապետարանին մեղադրել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները խախտելու մեջ:
«Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում»,-նշված էր հաղորդագրության մեջ:
Ի պատասխան Tert.am-ի հարցմանը, Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը պարզաբանեց. «Ըստ նախնական ուսումնասիրությունների, ՄԻՊ-ի կողմից արված եզրահանգումներն ու արտահայտած դիրքորոշումները նման են նրան, որ պաշտպանի անհամաձայնությունն ավելի շատ գործող օրենքների և իրավակարգավորումների է վերաբերում, քանի որ համայնքի կողմից ծանուցման գործընթացները, ժամկետների տրամադրումը, որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ անմիջապես քանդման գործողություններին ձեռնամուխ լինելն ամբողջությամբ համապատասխանել է օրենքներին և որևէ իրավանորմի խախտում տեղի չի ունեցել:
Բացի այդ, վարչական ակտի ու վարչական մարմնի գործողությունների իրավաչափության գնահատական տվողը դատարաններն են: Այդ գործառույթը բացառապես վերապահված է վարչական դատարանին, ուստի՝ գտնում ենք , որ համայնքի կողմից իրականացված վարչարարությանը նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է:
Որոշմանը առավել մանրամասն ծանոթանալուց հետո, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ պարզաբանմամբ»: