Մելանյա Թրամփը պատմել է՝ ինչպես է 2018-ին ամուսնուն ստիպել հրաժարվել փախստականների նկատմամբ խիստ քաղաքականությունից
ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփն իր նոր հուշագրությունում նկարագրել է՝ ինչպես է ստիպել ամուսնուն՝ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփին, հրաժարվել միգրացիոն խիստ քաղաքականությունից, որի համաձայն՝ ներգաղթյալների երեխաներին բաժանում էին իրենց ծնողներից, ինչն առաջացրել էր բավականին մեծ միջազգային աղմուկ:
Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Մելանյա Թրամփի գիրքն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի հաջորդ շաբաթ, սակայն դրա մի օրինակը հայտնվել է բրիտանական խմբագրության տրամադրության տակ:
Մելանյա Թրամփի խոսքով՝ ինքն ամուսնուն ասել է.«Սրան պետք է վերջ տրվի»:
Նա շեշտել է այն «տրավման, որին փախստականների ընտանիքները ենթարկվում են նման քաղաքականության հետևանքով»: Արդյունքում Դոնալդ Թրամփը տեղի է տվել և 2018 թվականի հունիսի 20-ին վերջ է տվել այդ քաղաքականությանը:
«Ես երկրի ամուր սահմանների կողմնակից եմ, բայց այն, ինչ կատարվում էր սահմանին, ուղղակի անընդունելի էր։ Սահմանին ընտանիքի անդամներին իրարից բաժանելու վերաբերյալ իմ խորը մտահոգություններով անմիջապես կիսվեցի Դոնալդի հետ՝ ընդգծելով այն տրավման, որին ընտանիքները ենթարկվում են: Որպես մայր՝ ես շեշտեցի. «Կառավարությունը չպետք է երեխաներին խլի իրենց ծնողներից»։ Դոնալդն ինձ վստահեցրեց, որ կուսումնասիրի այդ հարցը, և հունիսի 20-ին հայտարարեց ընտանիքի բաժանման քաղաքականության ավարտի մասին»։
Ըստ նախկին առաջին տիկինոջ՝ ինքն ամուսնու հետ տարաձայնություններ է ունեցել նաև այլ հարցերի, օրինակ՝ հղիության արհեստական ընդհատման արգելքի շուրջ:
«Իմ և ամուսնուս միջև երբեմն պատահող քաղաքական տարաձայնությունները մեր հարաբերությունների մի մասն էին: Բայց ես հավատում էի, որ դրանք պետք է մասնավոր կերպով քննարկել, այլ ոչ թե հրապարակավ մարտահրավեր նետել նրան: Մեր քննարկումներն ավելի արդյունավետ էին, երբ մենք կարող էինք հանգիստ երկխոսություն վարել տանը՝ հասարակության աչքից հեռու», - գրել է տիկին Թրամփը: