ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին. Բեռլինն իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը

0

Գերմանիան կանչել է Իրանի դեսպանին՝ դատապարտելու երեկ երեկոյան Թեհրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, հայտնում է morgenpost.de կայքը։

«Մենք կանչել ենք Իրանի դեսպանին»,- լրագրողներին ասել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Սեբաստիան Ֆիշերը՝ հավելելով, որ ինքը՝ դեսպանը Բեռլինում չի եղել, և փոխարենը ներկայացել է գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Միաժամանակ Իրանին կոչ է արվել զերծ մնալ հետագա հարձակումներից, այդ թվում՝ իր դաշնակիցների միջոցով։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը՝ նշելով, որ այնտեղ իրավիճակը անկայուն է և ցանկացած պահի կարող է փոխվել:

Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:

«Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կատարել է Իսրայելի հետ պաշտպանական գործընկերության շրջանակում իր հանձնառությունը»՝ ընդգծելով, որ երեկ երեկոյան Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 181 հրթիռներից շուրջ մեկ տասնյակից ավելին որսացել են ամերիկյան ուժերը:

«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից ագրեսիայի այս անընդունելի գործողությունը և կոչ ենք անում Իրանին դադարեցնել ցանկացած հետագա հարձակում, այդ թվում՝ իր վստահված ահաբեկչական խմբավորումների կողմից», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի վարանի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը, և աջակցել Իսրայելի և տարածաշրջանում իր գործընկերների պաշտպանությանը»: