ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Նեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետ

0

Իսրայելը շարունակում է քննարկել անցյալ գիշեր Իրանի հրթիռային հարձակմանն իր պատասխանի հնարավոր տարբերակները: Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել Թել Ավիվում անվտանգության ուժերի ղեկավարների հետ:

Ինչպես գրում է Times of Israel-ը, հանդիպմանը ներկա էին Իսրայելի ներքին անվտանգության ծառայության՝ Շին Բեթի ղեկավար Ռոնեն Բարը, արտաքին հետախուզության՝ Մոսադի տնօրեն Դեյվիդ Բարնեան, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերցի Հալևին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:

Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:

«Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կատարել է Իսրայելի հետ պաշտպանական գործընկերության շրջանակում իր հանձնառությունը»՝ ընդգծելով, որ երեկ երեկոյան Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 181 հրթիռներից շուրջ մեկ տասնյակից ավելին որսացել են ամերիկյան ուժերը:

«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից ագրեսիայի այս անընդունելի գործողությունը և կոչ ենք անում Իրանին դադարեցնել ցանկացած հետագա հարձակում, այդ թվում՝ իր վստահված ահաբեկչական խմբավորումների կողմից», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի վարանի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը, և աջակցել Իսրայելի և տարածաշրջանում իր գործընկերների պաշտպանությանը»: