Հարիսը կարծում է, որ Թրամփը չի լուծի ԱՄՆ-ում անօրինական միգրացիայի խնդիրը
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կարծում է, որ բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում իր հակառակորդ հանրապետական Դոնալդ Թրամփը անօրինական միգրացիայի խնդիրը օգտագործում է բացառապես նախընտրական նպատակներով և ի վիճակի չէ լուծել այն:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նման գնահատականով նա հանդես է եկել կիրակի Լաս Վեգասում կայացած նախընտրական միջոցառման ժամանակ:
«Սրանք լուրջ խնդիրներ են, և մենք գիտենք, որ Դոնալդ Թրամփը չի լուծի դրանք», - ասել է Հարիսը:
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները, ինչպես նշում էին լրատվամիջոցները, Թրամփի ճնշման տակ չաջակցեցին Սենատում երկու կողմի համաձայնեցված օրինագծին՝ սահմանին միջոցները խստացնելու վերաբերյալ:
«Դոնալդ Թրամփն ընթացք չի տվել այս օրինագծին՝ համարելով, որ օրենքի ընդունումը միայն կվնասի իրեն, և նախընտրել է այդ խնդիրն օգտագործել նախընտրական մրցավազքում՝ այն լուծելու փոխարենք», - նշել է Հարիսը: