ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Դատարան է ուղարկվել 5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քննված հերթական քրեական վարույթը

0

 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրանցման-հաշվառման և քննական կենտրոններից մեկի տեսուչ Վ. Հ.-ն, նույն կենտրոնի պետ Ա. Պ.-ի հետ խմբի կազմում, իսկ որոշ դեպքերում՝ նաև առանձին, իր մտերիմ Գ. Հ.-ի միջոցով, վարորդական վկայական ստանալու համար դիմած 25 անձանից ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու դիմաց պարբերաբար ստացել է տարբեր չափերի, ընդհանուր՝ շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես՝ հիմնավորվել է, որ Ա. Պ.-ն և Վ. Հ.-ն, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով 25 անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝  համապատասխան գիտելիքների և հմտությունների բացակայության պայմաններում նրանց վարորդական վկայական տալու համար անհրաժեշտ տեսական և գործնական քննությունները կազմակերպելու դիմաց Վ. Հ.-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Գ. Հ.-ի միջոցով 2023 թվականի փետրվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ստացել են 180.000-ից 320.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Վ. Հ.-ն վերը նշված նույն ժամանակահատվածում իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիքներ, իսկ չորս դեպքերով՝ դրդել է պաշտոնատար անձանց չարաշահել իրենց ծառայողական լիազորությունները:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Պ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /19 դրվագ/,  Վ. Հ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /19 դրվագ/, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /6 դրվագ/, 441-րդ հոդվածի 1-ին մասով /21 դրվագ/, 46-441-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/ և 445-րդ հոդվածի 1-ին մասով /25 դրվագ/, իսկ Գ. Հ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /25 դրվագ/ և 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/:

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ա. Պ.-ին և Վ. Հ.-ին կաշառք տված անձանց: Հիշյալ բոլոր մեղադրյալների վերաբերյալ քննված երեք տարբեր վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: