Արցախահայությունն իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք. Օկամպո
Արցախահայությունն իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք։
Այս մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Օկամպոն Երևանում կայացած ասուլիսին ասաց, որ ինքն օգնություն է առաջարկել Արցախի ղեկավարներին՝ քննարկելու, թե ինչպես է ծրագրվելու արցախահայերի վերադարձը և ինչպես է Ադրբեջանը ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։
Օկամպոն անդրադարձավ նաև ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման ադրբեջանական պահանջին, մասնավորապես հարցին՝ եթե դա տեղի ունենա, Հայաստանը միանա այս պահանջին, ի՞նչ է սպասվելու ՀՀ ապագա այն իշխանությանը, որ պայքարելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և վերադարձի համար:
«Ես չեմ կարող կարծիք ներկայացնել այն մասին, թե ՀՀ կառավարությունն ինչ է որոշում: Ես որևէ կարծիք ներկայացնել չեմ կարող, որովհետև պատկերացում չունեմ տվյալ խնդրի մասին, և որևէ որոշման կայացման գործընթացում ներգրավված չեմ:
Իմ միակ նպատակն է այստեղ՝ վստահ լինելը, որ Ցեղասպանություն չկատարվի աշխարհում, տվյալ դեպքում՝ Հայաստանում»,- նշեց նա: