ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

2024-ի 8 ամսում ՀՀ-ում պայթյունների հետևանքով ավելի շատ մարդ է զոհվել, քան 2023 թվականին

0

2024 թվականի 8 ամսում Հայաստանում գրանցվել է պայթյունի 34 դեպք, զոհվել է 9 մարդ, ինչն արդեն իսկ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այս մասին այսօր կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերի և դրանց դեմ իրականացվող կանխարգելիչ քայլերի թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը։

«2023 թվականի դրությամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ունեցել ենք պայթյունների մասով գրանցված 42 դեպք, ինչի պատճառով ունեցել ենք 6 զոհ և 53 տուժած։ 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ՝ արդեն իսկ ունենք գրանցված 34 պայթյունի դեպք, ինչի հետևանքով կա 9 զոհ և 39-ը տուժած»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականին գրանցված պայթյուններից 30-ն են եղել գազի հետևանքով, մինչդեռ ընթացիկ տարում՝ 29-ը։

«Կարող ենք ասել, որ գրեթե բոլոր դեպքերում անվտանգության կանոնները չեն պահպանվում»,- հավելեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ պայթյունների մեծամասնությունը տեղի է ունենում բնակելի տներում, ինչը պայմանավորված է բնակչների կողմից կենցաղային որոշ կանոնների չհետևելով ու գազի արտահոսքով։