ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չեն ընդգրկվում պատվիրակությունների կազմում. իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր պատճառներ են նշում

0

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով 2024 թվականի սեպտեմբերի 25-30-ը կմեկնի Կանադա:

Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ Պատվիրակության կազմը 12 հոգուց է բաղկացած, որից 5-ն են պատգամավոր, որոնք հայ-կանդական բարեկամական խմբի իշխող ուժի պատգամավորներ են՝ Ալեն Սիմոնյան, Արման Եղոյան, Ռուստամ Բաքոյան, Արթուր Հովհաննիսյան, Հասմիկ Հակոբյան: Պատվիրակության կազմում է նաև ԱԺ նախագահի խոսնակը, պատվիրակության մյուս անդամներն ԱԺ աշխատակազմից են:

Այսօր մամուլում հրապարակվել էր, որ ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն, նրանք չեն ընդգրկվում պատվիրակությունների կազմում:

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ԱԺ բարեկամական խմբի ընդդիմադիր ղեկավարները չեն ընդգրկվում պատվիրակությունների կազմում, նշեց. «Կանադա մեկնող պատվիրակությունը կազմվել է այն պատգամավորներից, որոնք հայ-կանադական խմբի պատգամավորներ են ու ակտիվ դերակատարում և ներդրում ունեն հայ-կանադական բարեկամական հարաբերությունների խորացման ու զարգացման հարցում։ Հենց այս չափանիշով է կազմվել մեկնող պատվիրակության կազմը ու նպատակահարմար է գտնվել ներառել հենց ընդգրկված պատգամավորներին»։

Նրա խոսքով՝ այս սկզբունքով էլ ընտրվում են բոլոր պատվիրակությունների կազմերը:

Ճշտող հարցին՝ հայ-կանադական բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի՝ պատվիրակության կազմում չընդգրկվելը կապ ունի՞ օրերս ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեի տարածած այն հայտարարության հետ, թե չեն ողջունում Ալեն Սիմոնյանի այցն Օտտավա, պատասխանեց.
«Ո՛չ, դա կապ չունի այդ հայտարարության հետ: Պատվիրակության անդամների ցանկը կազմվել է այդ հայտարարությունից դեռևս մեկ ամիս առաջ»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայ-կանդակական բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց՝ ակնհայտ է, որ ընդդիմադիր պատգամավորների համար մշտապես խոչընդոտ են ստեղծում՝ ընդգրկվելու միջազգային պատվիրակությունների կազմի մեջ:

«Պատճառը մեկն է՝ միջազգային ամբիոններում ու հարթակներում, այլ երկրներում ընդդիմությունը բարձրաձայնում է իշխանությունից տարբերվող և ամբողջությամբ հակառակ տեսակետ և բարձրացնում է Հայաստանի ազգային շահերից բխող հարցեր՝ սկսած Արցախ վերադարձի իրավունքից, մինչև գերիների ազատում: Իշխանություններն այլ գծի մեջ են, դա է պատճառը նաև, որ ոչ միշտ են ընդգրկում ընդդիմադիրներին», - ասաց նա:

Սաղաթելյանը նաև հավելեց՝ մեծ հարց է՝ եթե առաջարկ լիներ, ինքը կցանկանա՞ր ընդգրկվել պատվիրակության կազմում, թե՝ ոչ:

Հարցին՝ ԱԺ նախագահի խոսնակն ասել է՝ Կանադա մեկնող պատվիրակությունը կազմվել է այն պատգամավորներից, ովքեր ակտիվ դերակատարում ու ներդրում ունեն հայ-կանադական հարաբերությունների խորացման ու զարգացման հարցում, ի՞նչ են արել իշխանական պատգամավորները, որն ինքը չի արել, Սաղաթելյանն արձագանքեց.

«Ցանկացած բանական մարդու մոտ ծիծաղ է առաջացնում այն միտքը, որ Ռուստամ Բաքոյանն ու Արթուր Հովհաննիսյանը ակտիվ ներդրում կամ դերակատարում են ունեցել հայ-կանադական հարաբերությունների զարգացման մեջ:
Բոլոր այն բարեկամական խմբերում, որի ղեկավարը ես եմ՝ սկսած հայ-սիրիական բարեկամական խմբից, վերջացրած հայ-կանադականով, այդտեղ ակտիվ աշխատանք իրականացվում է, մասնավորապես՝ հայ-կանդական ուղղությամբ, որտեղ խմբերի միջև ակտիվ համագործակցություն կա, ինչպես նաև Կանադայում ՀՀ դեսպանատան հետ ակտիվ աշխատանքի մեջ եմ: Այդ աշխատանքների խթանմանը նպաստում է նաև Կանադայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը, որի հետ ես սերտորեն համագործակցում եմ»:

Նշենք, որ պատվիրակության անդամներից 9-ի ամբողջ ծախսը ՀՀ բյուջեի հաշվին է, իսկ 3 անձի համար վճարելու է հրավիրող կողմը: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է ԱԺ կայքից, որտեղ նշված է․

«Գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի և գիշերավարձի (9 անձի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարվելու է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (3 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը»: