ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Լուսանկարները հիվանդանոցի՝ մինչև բացումը տեղի ունեցած վերանորոգման ընթացքում կատարված կադրեր են․ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» ԲԿ-ն հերքում է տարածել

0

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական կենտրոնը հերքում է տարածել նախօրեին մամուլում տարածված այն տեղեկության վերաբերյալ, թե նոր վերանորոգված հիվանդանոցում խայտառակ պայմաններ են. սանհանգույցի առաստաղը բաց է, իսկ մանկական հիվանդասենյակի սանհանգույցում և հիվանդասենյակում էլեկտրական լարերը դուրս են եկել պատից ու հասանելի են երեխաներին: 

«Ի պատասխան երեկ և այսօր մամուլում տարածվող իրականությանը չհամապատասխանող և կեղծ տեղեկատվությանը՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի գործունեության և պայմանների մասին, պաշտոնապես տեղեկացնում ենք, որ տարածված լուսանկարները հիվանդանոցի՝ մինչև բացումը տեղի ունեցած վերանորոգման ընթացքում կատարված կադրեր են, որոնք որևէ աղերս չունեն հիվանդանոցի ներկայումս առկա իրավիճակի հետ։  

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» խրախուսում է արդյունավետ և թափանցիկ հաղորդակցության կարևորությունը և փոխվստահության մթնոլորտը, ինչպես նաև հիվանդանոցի և մասնագետների բարի համբավի պաշտպանությունը, ուստի սիրով և պատրաստակամությամբ բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր ցանկանում են անձամբ համոզվել և վերահաստատել իրականությունը հրավիրում ենք այցելել հիվանդանոց շրջայցի։ Միաժամանակ հորդորում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին զերծ մնալ չստուգված և ոչ հավաստի տեղեկատվություն տարածելուց», - ասված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ։     

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 12-ին, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Ուիգմոր» մանկական հիվանդանոցում խայտառակ պատկեր է, հիվանդասենյակներում առկա են բաց էլեկտրալարեր և ապահովված չեն հիվանդանոցային տարրական անվտանգային պայմանները։

Հոդվածին կից թերթը հրապարակել էր նաև այդ պնդումները փաստող լուսանկարներ։