Հայտնի են 2024 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ 3-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):
Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2024 թվականի 3-րդ քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Գրականություն» առարկաների քննությունները՝ բանավոր:
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները հանձնում են գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում):
Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:
Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով:
Դրսեկության ձևով (ավարտական` ուսումնական պլաններով նախատեսված առարկաներից) քննությունները դրսեկները հանձնում են՝ համաձայն ժամանակացույցի:
Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի:
Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:
Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝
8-9 միավոր– 4 16-17 միավոր–8
10-11 միավոր– 5 18-19 միավոր-9
12-13 միավոր– 6 20 միավոր-10
14-15 միավոր – 7
Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը վերահսկում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: