ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

ՎԶՄԲ-ը շուրջ 150 մլն դոլար վարկ կտա Հայաստանին. որոշումն ընդունվեց

0

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը վարկային 2 ծրագրով շուրջ 150 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը։ Վարկային ծրագրերը վավերացնելու մասին օրենքի նախագծերը հաստատվեցին ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
 
Վարկային ծրագրերից մեկը, որով ՀՀ–ին կտրամադրվի 102 մլն եվրո (շուրջ 110 մլն դոլար), նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:
 
ԵԱԶԲ–ն ՀՀ կառավարությանը շուրջ 100 մլն դոլար վարկ կտա բյուջետային դեֆիցիտը փակելու համար
«Վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը: Յուրաքանչյուր տարի տրամադրվող գումարների չափը և եղանակը ենթակա է համաձայնեցման ֆինանսների նախարարության հետ ամենամյա բյուջեի քննարկման շրջանակներում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հուլիսի 25–ին: Ծրագրի ավարտը նախանշված է 2029 թ. սեպտեմբերի 30–ին։
 
ՎԶՄԲ–ն ՀՀ–ին ևս 40 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի «Շահումյան-2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանները վերակառուցելու համար։ Այս ենթակայանները հանգուցային են ընդհանուր ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգ և հուսալի էլեկտրամատակարարման ապահովման տեսանկյունից:
 
«Շահումյան-2» ենթակայանը կառուցվել է 1964 թ․։ Ենթակայանի դրվածքային հզորությունը՝ 250 ՄՎԱ է: «Մարաշ» ենթակայանը կառուցվել է 1978 թ.: Ենթակայանի դրվածքային հզորությունը՝ 375 ՄՎԱ է: «Եղեգնաձոր» ենթակայանը կառուցվել է 1966 թ․: Ենթակայանի դրվածքային հզորությունը 126 ՄՎԱ է: Ենթակայաններում սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի։
«Շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, բացի հին և մաշված լինելուց, չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ»,– նշված է որոշման մեջ: