ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Եթե հաստատվի, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է փոխանցել ՌԴ-ին, դա կործանարար հետևանքներ կունենա Կիև-Թեհրան հարաբերությունների վրա. Ուկրաինայի ԱԳՆ

0

Ուկրաինան դիմել է Իրանին՝ լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերի ֆոնին, որ Թեհրանը, հնարավոր է, Մոսկվային բալիստիկ հրթիռներ է փոխանցել: Կիևը Թեհրանին զգուշացրել են երկկողմ հարաբերությունների համար «կործանարար հետևանքների» մասին։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Երկրի ԱԳՆ-ն նշել է, որ անհանգստացած է Իրանի կողմից Ռուսաստան բալիստիկ հրթիռների հնարավոր տեղափոխման մասին միջազգային լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններից։

«Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ Ռուսաստանին ցանկացած տեսակի զենք և ռազմական տեխնիկա փոխանցելուց, որը, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի համաձայն, ագրեսոր պետություն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացումը լուրջ սպառնալիքներ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և աշխարհի համար։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը ուժեղացնել ճնշումը Թեհրանի և Մոսկվայի վրա՝ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում։

Ուկրաինան կոչ է արել Իրանին ամբողջությամբ դադարեցնել զենքի մատակարարումն Ռուսաստանին և ապացուցել «իր քաղաքական ղեկավարության՝  ռուսական ռազմական մահվան մեքենայի սնուցմանը չմասնակցելու մասին հայտարարությունների անկեղծությունը»։

«Պաշտոնական Թեհրանին նախազգուշացնում ենք, որ եթե հաստատվի, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանի Դաշնությանը, դա կործանարար հետևանքներ կունենա ուկրաինա-իրանական երկկողմ հարաբերությունների վրա»,- ընդգծել է նախարարությունը։

Ավելի վաղ CNN-ը և Wall Street Journal-ը, վկայակոչելով անհայտ աղբյուրներ, հայտնել են, որ Իրանը Ռուսաստան է փոխանցել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ: The Times-ը, վկայակոչելով ուկրաինական հետախուզությանը, հայտնել էր, որ խոսքը, ըստ ամենայնի, 200 բալիստիկ հրթիռների մասին է, որոնց հեռահարությունը հասնում է 110 կիլոմետրի։

Իրանը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունները: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը նշել է, որ Թեհրանը զենք չի մատակարարում Ուկրաինայում հակամարտող կողմերին, քանի որ դա համարում է անմարդկային: