ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Ոչ մեկը չգիտի՝ մի օր մենք կարող ենք արթնանալ ու հայտնվել Միութենական պետության կազմի մեջ. Դավիթ Ստեփանյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, իշխանության ներկայացուցիչները հաստատել են, որ Հայաստանը վարչապետի մակարդակով մասնակցելու է BRICS-ի (ԲՐԻՔՍ) գագաթնաժողովին, որը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։

– Եթե մասնակցությունը կրում է հռչակագրային բնույթ, այսինքն՝ որևէ ինտեգրում չի լինելու այդ կառույցի հետ, ես դրան նորմալ եմ վերաբերվում, այսինքն՝ խնդիրներ չեմ տեսնում այստեղ, եթե մասնակցության հիմքում կա ցանկություն՝ շարունակել ինտեգրումը BRICS-ի հետ, ինձ համար սա անընդունելի է, որովհետև այդտեղ հիմնականում երկրներ են, որոնց շահերը չեն համապատասխանում Հայաստանի շահերին։

– Իսկ ինչ եք կարծում, հնարավո՞ր է, որ ինչ-որ մի պահի հայկական կողմը որոշի անդամակցել BRICS-ին։

– Երբ խոսքը Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին է, երբևէ որևէ բան բացառել չենք կարող, ամեն ինչ էլ հնարավոր է։ Քաղաքականությունը, ինչպես գիտեք, հնարավորի արվեստ է, ու կարող է ժամանակներ գան, երբ իրավիճակը փոփոխվի, ամեն ինչ էլ հնարավոր է։

– Քննադատություններ են հնչում, որ իշխանությունը մի կողմից խոսում է ԵՄ-ին անդամակցելու մասին, մյուս կողմից էլ մասնակցում է այս գագաթնաժողովին, ինչը հակասություն է ստեղծում, դուք այդ հակասությունը տեսնո՞ւմ եք։

– Ամեն ինչ կախված է Հայաստանի քաղաքականությունից, այդ քննադատության հիմքում ոչ թե կոնկրետ BRICS-ին մասնակցելն է, այլ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հանդեպ հասարակության անվստահությունն է, որովհետև որևէ մեկը չգիտի՝ այդ BRICS-ը կավարտվի այցո՞վ, թե՞ կլինի հետո ինտեգրում։ Բացի BRICS-ից, նաև ԱՊՀ-ն է լինելու, չէ՞, որին ևս մասնակցելու են։ 

Այս երկու գագաթնաժողովն էլ լինելու է Ռուսաստանում, իսկ մեր երկրում, ցավոք, Ռուսաստանն այնպիսի դերակատարում է ունեցել 2020-ից հետո Հայաստանի ու Արցախի հետ կատարվածի մեջ, որ մեր երկրում Ռուսաստանը ընկալվում է միմիայն բացասական լույսի ներքո, ու դա բավական հիմնավոր է։ 

Խնդիրն այն է, որ ոչ մեկը չգիտի՝ արդյոք Փաշինյանի կառավարությունն ուզո՞ւմ է երկիրը իրոք տանել դեպի Արևմուտք, թե՞ դեռ հնարավորություն կա, որ օրերից մի օր մենք կարող ենք արթնանալ ու հայտնվել Միութենական պետության կազմում, այնպես, ինչպես 2013-ի սեպտեմբերի 3-ին արթնացանք ու հայտնվեցինք Մաքսային միության մեջ՝ Սերժ Սարգսյանի թեթև ձեռամբ։ 

– Որքա՞ն եք գնահատում դրա շանսերը, պարո՛ն Ստեփանյան։

– Չեմ էլ ուզում գնահատել, որովհետև ինձ համար բացարձակապես անընդունելի է սա, Հայաստանի բնակչության մեծամասնության համար՝ ևս, ես հույս ունեմ, որ դա երբևէ չի լինելու մեզ հետ։ 

– Տեսակետներ են հնչում, որ Փաշինյանը, իրական որևէ երաշխիք չստանալով Արևմուտքից, որոշել է վերադառնալ դեպի Ռուսաստան, համակարծի՞ք եք։

– Ո՛չ, որովհետև Եվրախորհրդարանն իր հայտնի բանաձևով՝ մի քանի հարյուր ձայն կողմ, մեկ կամ երկու դեմ, քվեարկել է Հայաստանի հետ եվրաինտեգրման օգտին, դա բաց փաստաթուղթ է, բոլորը տեսել են, ու այս ճանապարհին որևէ խոչընդոտ իրականում չկա։ Եթե մենք համեմատվում ենք Վրաստանի հետ, Արցախի կորստից հետո ինչ-որ առումով նույնիսկ ավելի շահեկան վիճակում ենք, որովհետև մենք Ղարաբաղի խնդիր այսօր փաստացի չունենք, այդպես է ստացվել, լավ չէ, բայց դա այդպես է։ Այս առումով՝ չեմ կարծում, որ ԵՄ-ի դռները Հայաստանի առջև փակ են։ 

Եթե Հայաստանի ղեկավարության կողմից որոշում կայացվի նորից վերադառնալ Ռուսաստանի գիրկը, ապա դա կլինի բացառապես Նիկոլ Փաշինյանի կառավարության նախաձեռնությունը, ու այստեղ ես որևէ օբյեկտիվ հիմք չեմ տեսնում, որովհետև դռները բաց են, ու մեզ մնում է միայն կատարել այն տնային աշխատանքները, որոնք կատարում են բոլոր երկրները, որոնք ցանկանում են դառնալ եվրաընտանիքի մաս։ 

– Իսկ գործող իշխանության մոտ այդ անհստակությունը ինչո՞վ եք բացատրում, որ հանրությունը չգիտի՝ հիմա երկիրը գնում է դեպի Արևմուտք, թե Ռուսաստան։

– Չգիտեմ, որովհետև իրենց հայտարարություններից դա պարզ չէ: Վահան Կոստանյանն ասում է, թե մեզ մոտ ամեն բան հստակ է, կատարել ենք ռազմավարական ընտրություն ու գնում ենք դեպի Արևմուտք, հետո խորհրդարանում ելույթ են ունենում իշխանական պատգամավորներ, որոնք ասում են հակառակը։ 

Բայց այն, որ հանրությունը հստակ պահանջ ունի և ուզում է լսել հստակ դիրքորոշում ղեկավարությունից, ես կարծում եմ, որ ակնհայտ է։ 2026-ի խորհրդարանի ընտրությունից առաջ անխտիր բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են այդ ընտրությանը, պարտավոր են լինելու այդ հարցի պատասխանը տալ, որովհետև ինձ համար՝ որպես ընտրողի շատ կարևոր է այդ հարցի պատասխանը։ Եթե ՔՊ-ն ցանկանում է վերընտրվել 2026-ին, պարտավոր է ներկայացնել հստակ ծրագիր՝ ե՛րբ ու ինչպե՛ս ենք մենք գնում ԵՄ, եթե գնում ենք Միութենական պետություն, ապա թող այդ մասին էլ գրեն, մենք էլ մեր ընտրության ժամանակ դա հաշվի կառնենք։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ոչ մեկը չգիտի՝ մի օր մենք կարող ենք արթնանալ ու հայտնվել Միութենական պետության կազմի մեջ. Դավիթ Ստեփանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.