ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, այն կարմիր գիծ է Իրանի համար․ Էբրահիմ Ազիզի

0

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» համարում է կարմիր գիծ և կոշտ պատասխան կտա դրա հետ կապված ցանկացած փոփոխության: Այս մասին գրում է Mehr գործակալությունը

Մեկնաբանելով Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ Ռուսաստանի հնչեցրած դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ Ազիզին հայտարարել է, որ այդ հարցի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, և որ Իրանը ևս կտրականապես դեմ է դրանց:

Ազիզին «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է որակել՝ նշելով, որ դրա անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը թուլացնելուն ուղղված նախագծեր կան:

«Մենք նախազգուշացնում ենք նրանց, ովքեր նման պատրանքներ ունեն, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կարժենան իրենց համար»,- ասել է Ազիզին՝ հավելելով, որ Իրանը չի ձգտում տարածաշրջանում լարվածություն ստեղծել, սակայն երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում կպաշտպանի իրեն:

Նա շեշտել է, որ Իրանն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացմանը, և ընդգծել, որ «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է Իրանի համար և այդ առումով ցանկացած փոփոխություն վճռական պատասխան կստանա Իրանի կողմից։