«Մեդիալաբի» «Սատիրան ընդդեմ կոռուպցիայի» նախագիծը՝ եվրոպական Amateo 2024 մրցանակի հինգ լավագույնների շարքում
«Մեդիալաբի» «Սատիրան ընդդեմ կոռուպցիայի» նախագիծը ընդգրկվել է եվրոպական Amateo 2024 հեղինակավոր մրցանակի եզրափակիչ փուլի հինգ լավագույն նախաձեռնությունների շարքում: Նախագիծը, որ ներառում է 8 կարճ մուլտֆիլմեր և կոմիքսների գիրք՝ «Կոռուպցիայի 8 նկարազարդված պատմություններ» վերնագրով, սատիրայի միջոցով բարձրացնում է հանրային իրազեկվածությունը կոռուպցիայի մասին։
«Սատիրան ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ստեղծագործական թիմում ընդգրկված են «Մեդիալաբի» հիմնադիրներ Մարիաննա Գրիգորյանը եւ Վահե Ներսեսյանը: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է 8 կարճ անիմացիոն մուլտեր և կոմիքսների գիրք` 8 պատկերազարդ պատմություններով, որոնք պատմում են Հայաստանի կյանքին առնչվող պատմություններ՝ վեր հանելով կոռուպցիայի դեմ պայքարի համար կարևոր անկյուններ և ուղերձներ: 8 կարճ անիմացիոն հոլովակները, բացի կոռուպցիոն երևույթները հումորով ներկայացնելուց, ունեն նաև հանրությանը իրազեկող գործառույթ:
2024 թվականի Amateo մրցանակին 11 երկրից ներկայացվել է 37 նախագծի հայտ՝ ղեկավարվելով արվեստի և ստեղծարարության հանդեպ մեծ ոգեշնչմամբ: Արվեստի ձևերի բազմազան խառնուրդ ներկայացնող այս նախագծերը դրսևորում են մեծ դիմացկունություն և նորարարական մոտեցումներ՝ տարբեր խնդիրների լուծման նկատմամբ:
Amateo մրցանակը 2018 թվականից ի վեր շնորհվում է արվեստի այն ստեղծարար խմբերին և նախագծերին, որոնք ունեն սոցիալական մեծ ազդեցություն, նպաստում են փոփոխություններին՝ օգտագործելով արվեստի ուժը:
Հայաստանից «Մեդիալաբը» եզրափակիչ փուլ է անցել Իսպանիան, Գերմանիան, Ավստրիան ներկայացնող արվեստի նախագծերի հետ: Սա առաջին տարին է, որ նախկին ԽՍՀՄ տարածքից նախագիծ է ընդգրկվել է եզրափակչում: Եզրափակիչ անցած նախագծերը կներկայացվեն 2024 թվականի նոյեմբերին Պրահայում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
MediaLab.am
The post «Մեդիալաբի» «Սատիրան ընդդեմ կոռուպցիայի» նախագիծը՝ եվրոպական Amateo 2024 մրցանակի հինգ լավագույնների շարքում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.