Դատավորին բացարկի միջնորդություն հիմա չեմ ներկայացնի, դա ինքնանպատակ չի արվում. Օրբելյանն ավարտեց Հրայր Թովմասյանի գործով պաշտպանական ճառը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։ Փաստաբան Արամ Օրբելյանն այսօր ավարտեց պաշտպանական ճառը:
«Հրայր Թովմասյանի անձեռնմխելիությունն ինչպես 2005, այնպես էլ 2015 թվականի Սահմանադրություններով հաղթահարված չլինելու հանգամանքներում, քրեական գործը ոչ իրավաչափ հարուցված լինելու հանգամանքում, ինչպես նաև, որ չի հաստատվում Հրայր Թովմասյանի կողմից ինչ-որ արարքը կատարելու հանգամանքը, հանցակցությունը հստակ սահմանված չէ և մեղադրանքը չի համապատասխանում պայմաններին, նոր մեղադրանք չլինելու պայմաններում, պետք է կայացվի արդարացման դատավճիռ», - ասաց նա:
Նախորդ նիստերից մեկում Օրբելյանը ցանկացել էր բացարկի միջնորդություն ներկայացնել դատավորի նկատմամբ, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրան թույլ չէր տվել ներկայացնել այդ միջնորդությունը՝ նշելով, որ պաշտպանական ճառից հետո կարող է ներկայացնել:
Սակայն Օրբելյանը պաշտպանական ճառի ավարտից հետո չներկայացրեց բացարկի միջնորդությունը:
«Այս պահին չեմ հայտնում բացարկի միջնորդությունը, ոչ թե որովհետև չեմ ցանկանում, այլ բացարկի ինստիտուտն ինքնանպատակ չէ, և բացարկը հայտնում են այն պահին, երբ բացարկի հիմքերը հանդես են գալիս: Քանի որ հիմա կատարել եմ դատավարական փուլերից ամենակարևորներից մեկը՝ ներկայացրել եմ պաշտպանական ճառը, ճառս ներկայացնելուց հետո դատարանին բացարկի միջնորդություն հայտնելն ինքնին կդառնա անլուրջ վերաբերմունք, հետևաբար, չեմ ներկայացնում բացարկ: Բացարկ պետք է ներկայացնեի նաև մեղադրող կողմին, սակայն դա էլ չեմ անում»,- ասաց Օրբելյանը:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: