ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Եթե այս կանոնագրով առաջ գնան, կվերադարձնենք կորցրած բարձունքները,  բայց Ադրբեջանը միշտ էլ ասել է, որ գրաված բարձունքները չեն տալու. Գալիչյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը 

– Պարո՛ն Գալիչյան, քանի որ արդեն հրապարակվել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, ձեր մասնագիտական գնահատականն եմ խնդրում դրա վերաբերյալ։

– Ոչ մի հատուկ բան չի պարունակում, որը չէինք սպասում, ընդհանրապես այդ կարևոր կետերը վերցված են ԵԱՀԿ կանոնակարգից, որ հրապարակվել էր մոտ յոթ տարի առաջ, ավելացրած այն նախապայմանները 1991-ի՝ ըստ Ալմա Աթայի հռչակագրում նշված սահմանները, որոնք խորհրդային սահմաններն են՝ գծված խորհրդային գլխավոր շտաբի կողմից, որն էլ ժամանակին մենք երկկողմ վավերացրել ենք։ Միակ բանը, որ այդտեղ չի խոսվում, որ ամբողջ ճանապարհը մինչև Իրանի սահմանը նույնությամբ սահմանազատվի, ինչպես 1991-ի քարտեզով է։

Ամենակարևորը առաջին հերթին այն է, որ այս կանոնակարգը հաստատի նաև Ադրբեջանի նորընտիր խորհրդարանը, ու եթե նրանք դա ընդունեն, հետո հասնենք առաջին կետին, որ Ադրբեջանը պետք է դուրս գա այն տարածքներից, որտեղ ներխուժել է, արդեն պարրզ կլինի՝ դուրս գալի՞ս են, թե՞ ասելու են՝ չենք անում։ Դա արդեն ապագան ցույց կտա։ 

– Իսկ այս կանոնակարգով ենթադրվո՞ւմ է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշվի օկուպացված տարածքներից։ 

– Երբ խոսվում է 1991-ի քարտեզի սահմանների մասին, այո՛, այդ 250-260 քառակուսի կիլոմետրը, որ նա 2021-ի մայիսից հետո գրավել է մեր ինքնիշխան տարածքից, պետք է հետ քաշվի։

– Պարո՛ն Գալիչյան, Հայաստանում կան որոշ շրջանակներ, որ, օրինակ՝ ասում են, թե այդ հռչակագիրն ամենևին էլ քարտեզ չէ, ու, ըստ էության, չկա հստակ քարտեզ, որի վրա հիմնվելով կարելի է սահմանազատում իրականացնել, ինչը թույլ կտա Ալիևին կամայականորեն առաջ տանել գործընթացը։ Արդարացվա՞ծ է այս մտահոգությունը։

– Խնդիրն այն է, որ երբ մենք ստորագրել ենք Ալմա Աթայի հռչակագիրը, այնտեղ նշված է եղել, որ 1991 թվականին որ ստորագրվեց, սահմանները լինելու են այդ ժամանակ իշխող Խորհրդային Միության սահմանները, այդտեղ դա նշված է, ու այդ մասին բոլորը գիտեն։ Ադրբեջանը ունի այդ քարտեզները, մենք էլ ունենք, իհարկե հանրությանը դրանք հասանելի չեն, գաղտնի են պահվում, բայց ինչ որ է, դրանք գոյություն ունեն, և եթե դա նշվում է, ուրեմն պետք է դա պահպանեն: Դա պահպանելու համար մենք Տավուշում ինչը գրավել էինք, մի մասը վերադարձրել ենք, մի փոքր մաս է մնացել, որ մեր ձեռքին է, դա էլ պետք է ավարտենք, հետո գնանք մնացած 250-260 քառակուսի կիլոմետրը հետ վերցնենք Ադրբեջանից։ 

– Տավուշում մենք հետ վերցնելու բան ունե՞նք։

– Խնդիրն այն է, որ այդ Բերքաբերի տարածքի մոտ, որ իրենք գրավել էին, ամբողջովին մեզ չեն վերադարձրել, քանի որ մենք էլ իրենց չենք վերադարձրել ամբողջովին մեր հսկողության տակ առած այն ճանապարհի մասը, որ մեր մայրուղին մտնում է Ադրբեջան ու դուրս է գալիս երեք անգամ՝ Ոսկեպարի մոտերը: Մինչև այդ հարցը չլուծվի, դա հավանաբար, պետք է լուծվի մոտ ապագայում, մնացածը շարունակել չի լինի, դա պետք է վերջացնել, նոր գնալ ուրիշ տեղեր։ 

Մեր ճանապարհը մտնում է ադրբեջանական տարածք, եթե Բերքաբերի վերևի ճանապարհը, հողերը, որ մերն են, վերադարձնեն մեզ, ապա Ադրբեջանի մի քանի գյուղ գնացող ճանապարհները մտնում են, մեր տարածքի միջով են անցնում։ Մենք տարածքների փոխանակում պետք է անենք, որպեսզի մեր ճանապարհը՝ մեր, նրանցն էլ՝ իրենց ճանապարհով անցնի։ Դա արդեն պետք է նախապես որոշվի, հետո դա վավերացնի խորհրդարանը, հետո էլ հանրաքվեի դրվի։ 

– Կանոնակարգում առկա որոշ կետերում նշվում է, որ անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխություններ արվել, բայց դրանք պետք է համաձայնեցվեն հռչակագրի հետ:

– Այո՛, մանր-մունր փոփոխություններ, դրա մեջ նշվում է, որ գյուղացին ու իր տարածքը պետք է ճիշտ ձևով բաժանվեն, այսինքն՝ գյուղացին չի կարող սահմանի այս կողմում լինել, իսկ իր այգին՝ մյուս։ Նման բաներ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել, հետո էլ, օրինակ՝ ժամանակին գետի հունը սահման է եղել, գետի հունը փոփոխական է, հեղեղներ են լինում, դա փոխվում է, նման բաները պետք է քարտեզի վրա վերագծել, որ այն ժամանակ էս էր, հիմա փոխվել, դարձել է էս։ Բայց ինձ համար ամենակարևոր խնդիրը, դժվարությունը, որ ունենալու ենք, Գորիսից դեպի Կապան գնացող ճանապարհի այն հատվածներն են՝ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում մինչև Շուռնուխ, որ ճանապարհն ինքը սահմանն է, դա ինչպե՞ս պետք է բաժանենք, չգիտեմ։

– Հիմա, եթե կողմերը հավատարիմ մնան ու առաջնորդվեն այս կանոնակարգով, ապա Հայաստանն ի՞նչ սահմաններով պետություն է լինելու։

– Հայաստանը այդ 250-60 քառակուսի կիլոմետրը հետ կստանա, հետո կմնա խնդիրներ լուծելու, որ ճանապարհն ինքը սահման է, թե ինչպես պետք է այդ խնդիրը լուծվի երկկողմ, պետք է որոշեն այդ հանձնախմբերը։

– Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը՝ հատկապես վերջին տարիներին, ի՞նչ եք կարծում, այս գործընթացն ավարտին կհասնի՞, ու արդյոք կավարտե՞ն այնպես, ինչպես ամրագրված է այս կանոնակարգում։ 

– Չեմ կարող դա ասել, որովհետև Ադրբեջանը կարող է կեսից որոշել, որ չի ուզում շարունակել, բայց եթե այս կանոնագրով առաջ գնան՝ մենք կշահենք մեր կորցրած բոլոր բարձունքները, տարածքները, ու դրա արդյունքում այդ 30-31 գյուղը, որ վարչապետն ասում էր՝ չեն կարողանում օգտվել իրենց դաշտերից, արոտավայրերից, կվերադարձվեն մեզ, ու գյուղացիները կկարողանան մշակել դրանք։ Սա կլինի մեր ձեռքբերումը, եթե այս կանոնագրով աշխատեն, բայց Ադրբեջանը միշտ էլ ասել է, որ գրաված բարձունքները չեն տալու, դրա համար էլ Ալիևը 1991-ի հռչակագրի քարտեզները չէր ընդունում։ Հիմա պետք է հասկանալ, թե ինչու Ադրբեջանը համաձայնեց դրան, հավանաբար Արևմուտքի ճնշմամբ, եթե կանոնակարգով առաջնորդվեն՝ շահողը մենք ենք լինելու։

– Պարո՛ն Գալիչյան, «Զանգեզուրի միջանցքը» այս գործընթացի հետ կապ ունի՞։

– Ո՛չ, դա բոլորովին այլ թեմա է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Եթե այս կանոնագրով առաջ գնան, կվերադարձնենք կորցրած բարձունքները,  բայց Ադրբեջանը միշտ էլ ասել է, որ գրաված բարձունքները չեն տալու. Գալիչյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.