ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար հարկային գործակալը օրական տույժը կվճարի 0.075 տոկոսի չափով՝ 0.04-ի փոխարեն

0

Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում 2025 թվականի հունվարի 1–ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը կվճարի 0.075 տոկոսի չափով՝ ներկայիս 0.04 տոկոսի փոխարեն: 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Նախագծով կառավարությունը վերանայում է հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար օրական տույժի չափը, որը սահմանված է Հարկային օրենսգրքով:

Մինչև 2018 թվականի հունվարի 1–ը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա տույժի չափը սահմանված էր ժամանակին չվճարված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 365 օրվա համար:

«2018 թվականի հունվարի 1–ից մինչև 2020 թվականի ապրիլի 20–ը տույժերի չափ սահմանվեց 0.075 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 730 օրը:

«2020 թվականի ապրիլի 21–ից, կորոնավիրուսով պայմանավորված, հաշվի առնելով տնտեսական գործունեության իրականացման սահամանափակումները, տույժի չափն իջեցվեց օրական 0.04 տոկոսի՝ նպատակ ունենալով մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները: Կարծում ենք, որ արդեն վերացել են այն պայմանները, որոնք այն ժամանակ առկա էին տույժերի չափն այդչափ նվազ սահմանելու համար»,-ասաց Մանուկյանը:

Նախագծով առաջարկվում է տույժերի չափը վերանայել, վերականգնել նախակորոնավիրուսային ժամանակաշրջանի համար սահմանված տույժի դրույքաչափը, որը հանդիսանում է 0.075 տոկոսը: 

Այս կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1–ից: 

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: