Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից։
Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա։ Թեմաների իրականացման համար արտերկրի ղեկավարից և 2-5 անդամից բաղկացած գիտահետազոտական խմբերն ունեն 5 տարի ժամանակ։
Առաջին 2 տարվա ընթացքում կազմակերպությունում, որտեղ աշխատելու են տվյալ գիտական խմբերը, կձևավորվեն նոր գիտական ստորաբաժանումներ՝ հեռավար լաբորատորիաներ, ինչն էլ հենց մրցույթի հիմնական նպատակներից է։
Միաժամանակ, մրցույթը կնպաստի ներպետական և միջազգային համագործակցության խթանմանը, Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը, երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների ներգրավմանը, միջազգային հետազոտական միջավայրին երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը և այլն:
Մրցույթն անցկացվում է արդեն երրորդ անգամ․ նախկինում հայտարարված ու ամփոփված մրցույթների արդյունքներով ընտրվել էին համապատասխանաբար 15 և 18 գիտական թեմաներ։
Յուրաքանչյուր նախագծի ֆինանսավորման ընդհանուր առավելագույն չափը կազմել է 130 մլն դրամ: