Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է եկեղեցուն, ՌԴ-ն ռմբակոծել է Խարկովը և Կուպյանսկը (լուսանկարներ, տեսանյութ)
ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ երեք բնակավայր հարձակման են ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Նրա խոսքով՝ Բորիսովի շրջանի Գրուզսկոյե գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է Սուրբ Նիկոլայ եկեղեցուն։
Պայթյունի հետևանքով հրդեհվել է տաճարի գմբեթը, հրդեհն արդեն մարվել է։
Գլադկովը հավելել է, որ Շեբեկինո քաղաքում հարձակում է տեղի ունեցել առևտրային ձեռնարկության վրա, մեկ առանձնատան տանիքը վնասվել է, ապակիները՝ կոտրվել։
«Ռժևկա գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է ձեռնարկության տարածքին. երկու մեքենա վնասվել է, ևս մեկ մեքենա ամբողջությամբ այրվել է»,- գրել է նահանգապետը Telegram-ում։
Զոհեր և վիրավորներ չկան։
Մինչդեռ ռուսական զորքերը հարձակվել են Խարկովի մարզի վրա, վիրավորվել է 14 մարդ։ Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է Խարկովի ռազմատարածքային վարչակազմի նախագահ Օլեգ Սինեգուբովը, հայտնում է Censor.NET-ը։
Նրա խոսքով՝ հարված է հասցվել Խարկովի ավիացիոն ինստիտուտին, ինչի հետևանքով շենքը զգալի վնասներ է կրել: Վնասվել են սենյակների և միջանցքների առաստաղները, կոտրվել են ապակիներն ու դռները:
Հաղորդվում է նաև, որ ՌԴ-ն հարվածել է Կուպյանսկին, որտեղ 2 կին է զոհվել ռուսական հարձակումներից։
Lուսանկարները և տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: