ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ. պատճառը Մոսկվայի աջակցությունն է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող «միջանցքին»

0

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին. պատճառը վերջին շրջանում Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցությունն է «միջանցքի» նախագծին, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի հետ։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:

Թեհրանն իր մտահոգությունն է հայտնել և ասել, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները:

ԻՌՆԱ գործակալությունն իր հերթին մանրամասնում է, որ Իրանի արտգործնախարարի օգնականը և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:

Դեմիրչիլուն երկուշաբթի երեկոյան Թեհրանում Ռուսաստանի դեսպան Դեդովի հետ հանդիպման ժամանակ նաև ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Երկու դիվանագետները, մտքեր փոխանակելով Կովկասում ընթացող զարգացումների շուրջ, նշել են ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգումը, որոնք, նրանց կարծիքով, կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են։

Դեմիրչիլուն և Դեդովը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների կարողությունների օգտագործման անհրաժեշտությունը՝ խնդիրները լուծելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման և տնտեսական ծրագրերի իրականացման համար՝ նկատի ունենալով բոլոր կողմերի շահերը։

Խոսվել է նաև «3+3» խորհրդատվական ձևաչափի առաջիկա հանդիպման մասին: Ձևաչափը ներառում է հարավկովկասյան երեք երկրներ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը և հարևաններ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Ձևաչափը վերաբերում է տարածաշրջանում անվտանգությանը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնման մասին, դժգոհել էր, որ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել: Նա հիշեցրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը կա:

«Սկզբում Հայաստանը հրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից և պնդեց, որ միայն երկաթուղային լինի: Հետո հանկարծ Հայաստանը հայտարարեց, որ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում», - ասել էր նա: