ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Արցախցիները շատ են ցանկանում վերադառնալ Արցախ, մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքների դեպքում. Արցախի նախագահ

0

Մենք տեղահանվելով ՀՀ՝ որդեգրել ենք մի քաղաքականություն, ես տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտոնյաներին, որ մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի անկախությունը: Այս մասին Եռաբլուրում լրագորղների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Սա մեր հայրենիքի մի մասն է և մենք ամեն ինչ պետք է անենք, որ չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից, և չվնասենք անվտանգային համակարգին: Սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացվում է այդ հարցը կապված Արցախի լուծարման հետ. առաջինը դա սուտ թեզ է, որը մենք ստիպված ենք եղել ստորագրել դա հնարավորություն է տվել ապահովել խաղաղ բնակչության անվտանգ տեղափոխումը ՀՀ»,- ասաց նա:

Շահրամանյանը նշեց՝ Զինված ուժերն էլ են տեղափոխվել՝ նախարարից մինչև զինվոր, ուժային կառույցների պաշտոնյաներ, սակայն, ցավոք սրտի, ունեցել են նաև կենդանի պատանդներ՝ ի դեմս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

«Ինչ վերաբերում է այդ փաստաթղթին, ուզում եմ տեղեկացնել մեր հանրությանը՝ հենց սկզբից մենք տեղյակ ենք եղել, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական է, հակաօրինական, այդ փաստաթուղթը չի ստացել իրավական ուժ, այն պաշտոնապես չի հրապարակվել, չի տեղադրվել իրավական համակարգում, որից հետո կարելի կլիներ փաստաթուղթը համարել նորմատիվ ակտ»,- ասաց նա:

Շահրամանյանը հավելեց՝ արդեն ՀՀ տեղափոխվելով և տեսնելով բնակչության կարծիքը՝ բոլորը չեն ցանկացել ինտեգրվել Ադրբեջանի կազմ, ապրել Ադրբեջանի լծի տակ, և կայարցել են որոշում՝ թողնել իրենց հայրենիքը:

«Մենք այդ փաստաթղթի վերաբերյալ կայացրել ենք որոշում, ես գրավոր տեղեկացրել եմ դրա մասին ՀՀ կառավարությանը, վարչապետին՝ իր կից փաստաթղթերով: Այսօր այդ փաստաթղթի ուժ ունենալու մասին խոսելն անիմաստ է և չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծեց նա։

Հարցին էլ՝ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելն ինչպե՞ս է պատկերացնում, քանի որ ՀՀ իշխանությունը հրաժարվել է Արցախից և ասում է, որ այդ հարցի բարձրաձայնումը հակասում է հայաստանի Շահերին, վերջինս արձագանքեց.

«Արցախի ժողովրդի անունից առնվազն վերջին տասնամյակների ընթացքում մշտապես բանակցել են ՀՀ իշխանությունները, և մենք համարում ենք, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը ևս ՀՀ իշխանությունների խնդիրն է։ Մենք պատրաստ ենք այդ հարցում համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ»։

Ինչ վերաբերում է հարցը միջազգային օրակարգ բերելուն, ապա դրա միակ տարբերակը նա տեսնում է ՀՀ-ի և հայաստանի իշխանությունների միջոցով։

«Մենք մեծ հույսեր ենք փայփայում, որ մեզ կհաջողվի վերադարձնել մեր հայրենիքը։ Հարցը, թե ինչ կարգավիճակով և ինչպես վերադարձնել Արցախը, մշտապես մեր օրակարգում է։ Այս հարցի լուծման համար Արցախի խորհրդարանը ստեղծել է կոմիտե, որը ղեկավարում է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վարդան Օսկանյանը։ Մենք պարբերաբար հանդիպում և քննարկում ենք հնարավոր վերադարձի հարցերը։ Տարբերակները և առաջարկները տարբեր են։ Արցախցիները շատ են ցանկանում վերադառնալ Արցախ և ապրել իրենց հայրենիքում, հայկական Արցախում:

Մենք պետք է պատրաստ լինենք։ Մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքների դեպքում, արժանավոր, արդարացի պայմաններով, և որ գլխավորն է՝ մենք պետք է մեզ անվտանգության մեջ զգանք։ Եթե այս չափորոշիչներն ապահովվեն, մենք պատրաստ ենք բանակցություններ վարել այս հարցի արագ լուծման համար»,- նշեց Շահրամանյանը։

Նա տեղեկացրեց , որ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել և որ ինքը չի փորձել հանդիպել նրա հետ:

«Դա պետք է բնական երևույթ լինի, որպեսզի այդ հանդիպումը կայանա։ Բայց մենք մինչ այժմ չենք հանդիպել։ Ես չգիտեմ, թե հարցերի ինչ փաթեթ է քննարկել Հայաստանի կառավարությունը։ Մենք ոչ մի առաջարկ Հայաստանի կառավարությանը չենք ներկայացրել»,- հավելեց նա:

Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է, ինչի կապակցությամբ Արցախի նախագահն ու ղեկավարությունը այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։