ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ փաթեթը. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ «GLOBSEC» համաժողովի ՀՀ-ին նվիրված պանելային քննարկմանը

0

Պրահայում սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «GLOBSEC» համաժողովի շրջանակներում անցկացվող «Armenia and the EU: Priorities, Partnerships, and Paths Forward» պանելային քննարկմանը:

Ինչպես հայտնում են  ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ այս առումով ընդգծելով դիվերսիֆիկացիայի կարևորությունը` միտված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, միջազգային սահմանների, ժողովրդավարության պաշտպանությանը: 

ԵՄ հետ համագործակցության համատեքստում Վահան Կոստանյանը կարևորել է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ու համագործակցության ամուր հիմքերը՝ ընդգծելով ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման նշանակալի հեռանկարների առկայությունը։

Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել ներկայիս ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության խորացումը և գործընկերության նոր օրակարգի ձևավորումը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։ Ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և դրա իրականացման կարևորությունը սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման համատեքստում։ 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: 

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։

«Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին` Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստանը փոխանցել է ադրբեջանական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը: Նախարարի տեղակալը վերահաստատել է Հարավային Կովկասում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը»,- հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ հավելելով, որ Վահան Կոստանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը` վերահաստատելով  Հայաստանի պատրաստակամությունը բացելու տարածաշրջանային կապուղիները` ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա: