Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ վերանայվում է ընտանիքի ապահովության գնահատման համակարգը
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ամբողջությամբ վերանայվում է ընտանիքի ապահովության գնահատման համակարգը: Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում քննարկվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքն ու հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը տեղեկացրել է, որ նոր խմբագրված օրենքով առաջարկվում է սահմանել նոր ծառայությունների տեսակները, լիազորությունները, ինչպես նաև Կառավարության սահմանած չափորոշիչները:
«Թիրախում կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդիկ և ընտանիքներ են: Մասնավորապես առաջարկվում է սահմանել սոցիալական ոլորտի նոր սոցիալական ծառայությունների տեսակներ. օրինակ՝ ընտանիքի կենսապահովման կայունացման օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցում, փոխհատուցում կամ վառելանյութի ձեռքբերման համար հատուցում, սոցիալական պատրոնաժ և այլն»,- նշել է փոխնախարարը:
Օրենքի նախագծով լիազոր մարմնին վերապահվել է լիազորություն՝ սահմանելու կենսական ծառայությունների, մասնավորապես խնամքին, ճաշարանի կազմակերպմանը, սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելուն վերաբերող և սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները: Դրանց պահպանման նկատմամբ կիրականացվի պետական վերահսկողություն ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից:
Օրենքի նախագծով սահմանվել են նաև «հրատապ արձագանք պահանջող իրավիճակ» հասկացությունն ու դրա հետ կապված սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունները: Ամրագրվել են նաև սոցիալական օգնության տրամադրման նոր սուբյեկտերը: Փոխնախարարը նշել է, որ Միասնական սոցիալական ծառայությանն է վերապահվել ընտանիքի անապահովության գնահատման լիազորությունը, համալիր գնահատումն ու դեպքի վարումը:
Աննա Ժամակոչյանի խոսքով համայնքներն իրավասու են տրամադրել այն սոցիալական ծառայությունները, որոնք կմշակվեն համայնքային սոցիալական ծրագրերով, որն էլ կհաստատի լիազոր մարմինը:
«Արդյո՞ք կան հստակ կարգավորումներ, որոնք խթանելու են համայնքներում սոցիալական աշխատանքի կայացումը»,- հետաքրքրվել է հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը:
«Խնդրահարույց և դժվար վիճակում գտնվող ընտանիքների բացահայտումը, տեսանելի խնդիրների արձանագրումն ու փոխանցումը Միասնական սոցիալական ծառայությանը վերապահվում է համայնքներին և դա օգնելու է համայնքային սոցիալական ծրագրերի մշակմանը: Այս նախագծով նախարարությունն ունի նաև սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի մշակման հանձնառություն»,- պարզաբանել է Աննա Ժամակոչյանը:
Փոխնախարարը պատասխանել է նաև հանձնաժողովի անդամների այլ հարցերին:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է առաջարկություններ: Մասնավորապես առաջարկվել է սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի ղեկավարին սույն օրենքի շրջանակում տալ ձևաթղթեր և ուղեցույցներ հաստատելու իրավունք: Մյուս երկու առաջարկությունները վերաբերել են սոցիալական սատարողի իրավունքներին ու պարտականություններին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն առաջարկվել է ընդգրկել ԱԺ ութերորդ նստաշրջանի և սեպտեմբերի 9-ին մեկնարկվող ԱԺ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:
Հերիքնազ Տիգրանյանը նաև տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրա առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մինչև երկրորդ ընթերցմամբ ընդունումը ժամանակահատվածում նախատեսվում է կազմակերպել հանրային քննարկում՝ ոլորտի ներկայացուցիչների և հետաքրքրված անձանց մասնակցությամբ:
The post Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ վերանայվում է ընտանիքի ապահովության գնահատման համակարգը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.