Անվտանգության տեսախցիկները ինչ֊որ պահից սկսած կարող են կոտրվել և ծառայեցվել լրտեսական նպատակների. Արթուր Պապյան
Մեդիափորձագետ Արթուր Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս տարվա հունվարի 2֊ին Կիևի վրա տեղի ունեցած հրթիռային հարձակման համար մեղավոր էին, մասամբ անվտանգության տեսախցիկները (hղումը՝ մեկնաբանություն #1): Ռուսաստանյան հաքերները օգտագործել էին կոտրված տեսախցիկները՝ իրենց հրթիռային հարվածները ճշգրտելու համար։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դրան արձագանքել էր հարյուրավոր տեսախցիկները վտանգավոր վայրերից հանելով ու արգելափակելով։
Օրերս էլ, մինչև ուկրաինական զորքերը առաջ են շարժվում Կուրսկում, Ռուսաստանի կիբեռոստիկանությունն է հաղորդագրություն տարածել, հորդորելով քաղաքացիներին չօգտվել անվտանգության տեսախցիկներից (հղումը՝ մեկնաբանություն #2)։
Առավոտյան ինչ֊որ ճնճղուկ ինձ պատմեց, որ հայաստանյան IP հասցեների վրա այս պահին տեսանելի է ավելի քան 6000 անվտանգության տեսախցիկ, տասնյակ ու հարյուրավոր DVR, NVR սարքեր։ Ճնճղուկը պատմեց, որ դրանց մեծ մասը տեղադրված են խոշոր ձեռնարկություններում, որոնք քիչ թե շատ հոգ են տարել դրանց անվտանգության մասին։ Այդուհանդերձ, շատերի մոտ հնացող ու խոցելի օպերացիոն համակարգեր են տեղադրված, այսինքն՝ ինչ֊որ պահից սկսած կարող են կոտրվել և ծառայեցվել լրտեսական նպատակների։
Իսկ հիմա պատկերացրեք, որ «Ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները ընդունվում են, և օրենքի պահանջով այս տեսախցիկների քանակը շեշտակիորեն աճում է՝ քանի որ տասնյակ հազարավոր փոքր ու միջին բիզնեսներ, որոնք չունեն նորմալ անվտանգության կանոնակարգեր, լավ չեն պատկերացնում, թե ինչպես է պետք կառավարել գաղտնաբառերը և այլն, հապշտապ ինետնետ են քաշում, կամերաներ են առնում ու տեղադրում, որպեսզի հանկարծ տույժ֊տուգանքի առաջ չկանգնեն։ Պատկերացրեցի՞ք»:
The post Անվտանգության տեսախցիկները ինչ֊որ պահից սկսած կարող են կոտրվել և ծառայեցվել լրտեսական նպատակների. Արթուր Պապյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.