ru24.pro
World News in Armenian
Август
2024

Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան (տեսանյութ)

0

Երևանի Առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը: Դատավարությունը հասել է պաշտպանական ճառերի փուլին: Թովմասյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը ներկայացրեց ճառի մի մասը, իսկ դատական նիստը կշարունակվի վաղը 10:00-ից:

Նշենք, որ դատարանը թույլ տվեց Հրայր Թովմասյանին ներկա գտնվել վաղվա դատական նիստին:

Դատական նիստին Օրբելյանը ցանկանում էր դատարանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել, բայց դատարանը թույլ չտվեց նրան՝ նշելով, որ միջնորդությունը կարող է ներկայացվել դատական նիստի ավարտին:

Դատական նիստի ավարտից հետո Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ ակնհայտորեն առկա էր դատարանին բացարկ հայտնելու միջնորդություն, որը պետք է ներակայացվեր և պետք է ներկայացվեր մինչև հաջորդ գործողություն կատարելը:

«Բացարկի միջնորդության հիմքերը վերաբերվում էին նախորդ նիստի ժամանակ հայտնի դարձած հանգամանքներին և դրա նախորդ նիստերին, որոնք իմ բացակայության ժամանակ տեղի էին ունեցել: Դատարանը որոշում ընդունեց, որ պետք է բացարկի միջնորդությունը ճառից հետո ներկայացվի, բացարկի միջնորդությունը ներկայացվում է այն պահին, երբ առկա է: Ամեն դեպքում ճառը ներկայացվում է, որ տպավորություն չլինի՝ արհեստականորեն հրաժարվում ենք ճառը ներկայացնել»,-ասաց նա:

Օրբելյանին անհասկանալի էր, թե երբ իրեն միջնորդությունը ներկայացնելու իրավունք կտրվի: ««Դատական նիստի ավարտ» ձևակերպումն անհասկանալի երևույթ է: Ենթադրում եմ՝ առնվազն իմ ճառից հետո: Ըստ էության, պետք է թողնվեր, որ հիմա ներկայացնեի, բայց դա խնդիր չէ, այնպես չէ, որ չենք պատրաստվում ճառերին ու միջնորդություններով պետք է ձգենք: Ակնհայտ է, որ նման մտայնություն չունենք»,-ասաց նա:

Օրբելյանն անդրադարձավ իր պաշտպանական ճառին՝ նշելով, թե ինչ հիմքով է կառուցել այն: Նախ նշեց, որ ընդհանրապես ՀՀ Սահմանադրությունը խաթարվել է և ՍԴ դատավորին առաջադրվել է մեղադրանք՝ Սահամանդրությամբ նախատեսված երաշխիքների չպահպանմամբ:

«Անդրադարձ է կատարվելու՝ սույն քրեական գործը հարուցվում էր, երբ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել օրենքի խախտումներով՝ օպերատիվ անանուն տեղեկությունների հիման վրա, ինչը օրենքով արգելված է: Ապա անդրադարձ  է կատարվելու, որ մեղադրանքում ներկայացված չեն գործողություններ: Կանդրադառնանք նաև նրան, որ քրեական գործ չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախորդ դատական նիստի ժամանակ ելույթին՝ Օրբելյանը նշեց, որ այն ավելի նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի:

«Նրա ճառում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ իրականությանը չէր համապատասխանում՝ որոշ տվյալներ ճիշտ էին, որոշ տվյալներ՝ սխալ: Որոշ որակումներ ևս բավականին խնդրահարույց էին»,-ընդգծեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: