ru24.pro
World News in Armenian
Август
2024

Ադրբեջանում աճել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ թիրախավորումը, հատկապես վերջին երկու շաբաթների ընթացքում. Տաթևիկ Հայրապետյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Հայաստանում հնչում են կարծիքներ, թե Ադրբեջանը միջազգային հարթակում իր իմիջը բարձրացնելու նպատակով, հնարավոր է, հայ ռազմագերիներին ազատ արձակի։ Դուք որքանո՞վ եք իրատեսական համարում, որ Ալիևը նման քայլի կդիմի։

– Ցավոք, ես որևէ նման միտում չեմ տեսնում, ընդհակառակը, Ադրբեջանում, օրինակ՝ վերջին երկու շաբաթների ընթացքում հատկապես աճել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ թիրախավորումը, հայտնվում են ամենաանհեթեթ հոդվածներ, օրինակ՝ նրան փորձում են կապել ադրբեջանցի ինչ-որ ընդդիմադիրների հետ և այլն, և այլն, հնարավոր ամեն անհեթեթ հրապարակումներ են արվում։ 

Ես նաև ուզում եմ նշել, որ դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում հենց իշխանությունների կողմից սոցհարցում էին կազմակերպել՝ արդյոք պե՞տք է համաներմամբ ազատ արձակել հայ ռազմագերիներին, թե՞ ոչ, ու, իրենց նշումով՝ հարցման մասնակիցների 90%-ը դեմ էր եղել ազատ արձակմանը։ Սա ինձ հիմք է տալիս մտածելու, որ իրականում չկա նման միտում, ու եթե այդ ամբողջի հիմնավորումը պետք է լիներ ինչ-որ միջազգային իմիջը, ապա ասեմ, որ Ադրբեջանը իր միջազգային իմիջի շուրջ որևէ մտավախություն չունի: 

Ադրբեջանն ակնհայտ ցույց է տալիս, որ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, ակնհայտորեն արգելափակում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների մուտքը Բաքու, միևնույն ժամանակ ձերբակալությունների նոր շղթա է սկսել, հատկապես այն մարդկանց դեմ, որոնք, օրինակ՝ արևմտյան ֆինանսավորմամբ կամ տարբեր միջոցներով ակտիվություն էին ծավալում ու նաև հանդես գալիս վարչակարգի վերաբերյալ քննադատական հրապարակումներով։ Սրանով իսկ Ադրբեջանը ցույց է տալիս, որ պետությունը գնում է ոչ թե բռնապետության ատրիբուտները մի կողմ դնելու ուղիով, այլ՝ ընդհակառակը, դրանք ավելի խորացնելու ճանապարհով։ 

– Ռուբեն Վարդանյանի թիրախավորում մենք հիշում ենք դեռ նրա՝ Արցախում եղած ժամանակներից, հիմա ինչո՞ւ են կրկին նրան թիրախավորում։

– Բարդ հարց եք տալիս, իրականում ես էլ եմ շատ հաճախ դժվարանում մեկնաբանել, թե ինչու է նա առանձնակի թիրախում գտնվում, մի որոշ ժամանակ լռություն էր նրա նկատմամբ, բայց վերջին շրջանում կրկին ակտիվություն է։ Կարծում եմ, որ ամեն դեպքում Ադրբեջանը վախենում է Ռուբեն Վարդանյանի ունեցած հեղինակությունից, այն փորձերից, որ նրա ընտանիքը ձեռնարկում է այդ թեման օրակարգում պահելու հետ կապված, ու հենց դրանով է պայմանավորված, որ կոնկրետ թիրախում Ռուբեն Վարդանյանն է։ 

– ԵԽԽՎ պատգամավորների մուտքը Բաքու ինչո՞ւ է արգելվում։

– Նախ ԵԽԽՎ-ն՝ որպես այդպիսին, չի հրավիրվել, որպեսզի դիտորդություն իրականացնի Ադրբեջանում՝ սեպտեմբերի մեկին սպասվելիք խորհրդարանի ընտրության համատեքստում, ու հետո, երբ քաղաքացիական ակտիվիստների վերջին ձերբակալությունները արժանացան ԵԽԽՎ մի քանի պատգամավորների քննադատությանը, Ադրբեջանը հայտարարեց որոշ պատգամավորների մուտքն առհասարակ արգելելու մասին։ Խոսքն այն պատգամավորների մասին է, որոնք կողմ են քվեարկել այն նախագծին, որով Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում մեկ տարով կասեցվել են։ 

Փաստացի, եթե նայեք՝ ԵԽԽՎ-ն միակ կառույցն է, որը հայտարարություններից զատ ինչ-որ կոնկրետ քայլեր է արել Ադրբեջանի մասով, խոսքը մեկ տարով լիազորությունների կասեցման մասին է, ու դրա հետ կապված Ադրբեջանը փորձում է այդ ամենը ներկայացնել իսլամաֆոբիայի, ադրբեջանաֆոբիայի ներքո, մինչդեռ խոսքն ընդամենը բռնապետական վարչակարգի, ազատ խոսքի ճնշման, ինչպես նաև հայերի հանդեպ իրականացրած էթնիկ զտման մասով պայմանավորված որոշման մասին է։ 

– Ստացվում է, որ Ադրբեջանը նման ձևով պատժո՞ւմ է իր դեմ արտահայտվողներին։

– Այո՛, այդպիսով իրենք ցույց են տալիս իրենց վերաբերմունքը, թե որքան արհամարհական են վերաբերվում որոշումներին, որոնք կայացվում են տարբեր կառույցներում, ու թե որքան իրենց համար արժեք չունեն այդ որոշումները, ու դրան ի պատասխան իրենք ոչ թե ինչ-որ բան կփոխեն իրենց քաղաքականության մեջ, այլ՝ ընդհակառակը, ավելի հանդուգն կդառնան ու ավելի ակտիվ հանդես կգան այդ որոշումը կայացնողների դեմ։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ որ ասում եք՝ Ադրբեջանում ձերբակալությունների շղթա է սկսվել, ի՞նչ ձերբակալությունների մասին է խոսքը։

– Վերջին օրերին Ադրբեջանում ձերբակալվել են մի շարք հայտնի սյունակագիրներ, հետազոտողներ, լրագրողներ, որոնք հիմնականում տարբեր հոդվածներ ունեն արևմտյան ֆինանսավորմամբ մի քանի պարբերականներում, քննադատում են վարչակարգը, երբեմն խոսում են, որ վարչակարգին ձեռնտու է թշնամանքի տարածումը և այլն, և այլն, այսպիսի հրապարակումներ են անում։ 

Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռև անցած տարվա հուլիսից Ադրբեջանում ձերբակալությունների ենթարկվեցին հենց այն մարդիկ, որոնք շրջափակման օրերին հանդես էին գալիս բլոկադան դադարեցնելու օգտին, երբ ասում էին, որ չպետք է այս ճանապարհով գնալ։ Այսինքն՝ այս միտումը, որ հենց այսպիսի մարդիկ են թիրախավորվում, բնականաբար, նշանակում է, որ այնտեղ խաղաղության մասին զրույցն արգելված է, ու այս ամենի կոնտեքստում Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս այն խոսույթի շրջանակներում, որ Հայաստանի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ու եթե դու այս ամենը չես տեսնում, չես ուզում ռեալ գնահատել ու ստեղծում ես զուգահեռ իրականություն, թե Ադրբեջանը գնում է խաղաղության, սա նշանակում է, որ դու հերթական անգամ զբաղված ես ինքնախաբեությամբ։ 

– Իսկ Բաքվում անազատության մեջ պահվող հայերին ի՞նչ ճանապարհով է հնարավոր հետ բերել, ի՞նչը կստիպի Ալիևին գնալ այդ քայլին։

– Պետք է շարունակել միջազգային աղմուկ ու ճնշում գործադրել դրա հետ կապված, պետք է փորձել այդ խաղաղության պայմանագրի կամ նման քննարկումների շրջանակներում նախապայման դնել այդ հարցով՝ եթե գնում ենք խաղաղության ճանապարհով, ապա այնտեղ չի կարող էթնիկ հայ պահվել, ու տարբեր այլ մեթոդներով, դատարաններով պետք է հասնել նրանց ազատ արձակմանը։ 

Երբ Հայաստանը հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանին մեղադրելով հայերի դեմ ատելության քարոզի համար ու եթե հետևողական լինի այդ հայցի պարագայում, ապա այնտեղ հայերի մնալը կդիտվի որպես վտանգ նրանց կյանքին։ Այսինքն՝ կան տարբեր մեթոդներ, հիմնականում միջազգային, դիվանագիտական, իրավական, որոնք համատեղ գործադրելու դեպքում կարող են արդյունք տալ, բայց, ցավոք սրտի, Հայաստանը կառավարող ուժի շրջանակներում անգամ երբեմն խոսում են այդ ակտերից հրաժարվելու մասին, իսկ դա կարող է իրոք կործանարար ու վտանգավոր հետևանքներ ունենալ։

– Իսկ որքանո՞վ եք հավանական համարում, որ ՀՀ իշխանությունը կհրաժարվի այդ հայցերից։

– Հաշվի առնելով, թե ներկայիս իշխանությունը որքան է ընդառաջ գնում Ադրբեջանի պահանջներին, ես առնվազն անհավանական չեմ համարում դա, ցավոք սրտի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ադրբեջանում աճել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ թիրախավորումը, հատկապես վերջին երկու շաբաթների ընթացքում. Տաթևիկ Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.