Լարսի անցակետում հայկական մեքենաների կուտակումներ չկան. մաքսային կցորդը ներկայացրել է իրավիճակը
Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ չկան, իրավիճակն ամբողջությամբ թեթևացած է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս պահին առկա իրավիճակը ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Կուտակում բացարձակ չունենք: Ամբողջությամբ թեթևացած է Լարսի վիճակը: Նորմալ վիճակով աշխատում են»,–ասաց Հակոբյանը:
Թե վրացական, թե ռուսական կողմից հայկական բեռնատարներ չկան կանգնած: «Միգուցե օրվա ինչ–որ ժամի գան, սպասեն իրենց հերթին, բայց, որպես այդպիսին կուտակումներ չկան, որ գան, մի քանի օր սպասեն: Բնականոն ռեժիմով աշխատում են»,–հավելեց նա:
Սեզոնով պայմանավորված՝ Վրաստանից դեպի Ռուսաստան նկատվում է զբոսաշրջիկների հոսք, մարդիկ վերադառնում են Ռուսաստան: Մաքսային կցորդը նշեց, որ սրանով պայմանավորված՝ օրվա տարբեր ժամերի կարող են հերթեր առաջանալ, բայց, որպես այդպիսին, երկար կուտակումներ չկան:
The post Լարսի անցակետում հայկական մեքենաների կուտակումներ չկան. մաքսային կցորդը ներկայացրել է իրավիճակը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.