ru24.pro
World News in Armenian
Август
2024

Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի վերաբերյալ քրեական գործով անցնող Գոռ Աղեկյանն ազատվել է կալանքից. փաստաբան

0

Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի եվ զինծառայողների մահվան դեպքի վերաբերյալ քրեական գործով զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի կողմից փոփոխվեց եվ մեղադրյալը ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գուրգեն Ներսիսյանը:

««LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը վերջին ամիսներին ստանձնել էր 2023թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված «զինվորական կացարանում» հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալ, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանի պաշտպանությունը:

23.08.2024թ. դատարանը (նախագահությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի) որոշեց փոխել Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոցներով և նրան կալանքից ազատեց հենց դատարանի դահլիճից:

Թեև դեռ կա երկարատև համբերատար աշխատանքի անհրաժեշտություն, այդուհանդերձ այս գործով պաշտպանության կողմը ունի բավարար ապացույցներ և համոզված է, որ դատավարության արդյունքում վերջնականապես հիմնավորվելու է Գոռ Աղեկյանի անմեղությունը:

2023թ. հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունը ցնցած այս դեպքի շուրջ դատաքննությունն ընթանում է հանրային ուշադրության ներքո, պարբերաբար հնչում են ամենատարբեր տեքստեր ու ենթատեքստեր պարունակող հայտարարություններ, գնահատականներ, այդուհանդերձ գործը նախագահող դատավոր Վարդան Հարությունյանին հաջողվում է բարձր պատասխանատվությամբ արդարադատություն իրականացնել՝ չնայած այս գործով նախադեպը չունեցող հոգեբանական ու էմոցիոնալ ծանրաբեռնվածությանը, դատավարության ողջ ընթացքում զգայուն ու նուրբ հարցերի շուրջ հաճախակի պոռթկումնալից իրավիճակներին»,-գրել է նա: