Ակումբը պետք է մտածի ապագայի մասին․ «Լիվերպուլի» դարպասապահը՝ Մամարդաշվիլիի նկատմամբ անգլիական ակումբի հետաքրքրության մասին
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը մեկնաբանել է «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի նկատմամբ անգլիական ակումբի հետաքրքրության մասին տեղեկությունը։
«Ակումբը պետք է պատրաստվի ապագային։ Մամարդաշվիլիի նկատմամբ հետաքրքրության մասին ես գիտեի դեռ նախքան լրատվամիջոցները սկսել էին այդ մասին գրել։ Սա լավ ուղերձ է ինձ համար, քանի որ ակումբը մտածում է ապագայի մասին: Իմ կողմից կարող եմ ասել, որ քանի դեռ պայմանագիր ունեմ, ես երջանիկ եմ ակումբում, իսկ ակումբը գոհ է ինձնից. ես կմնամ»,- Բեքերի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ մերսիսայդցիները գործնականում պայմանավորվել են «Վալենսիայի» հետ Մամարդաշվիլիի տրանսֆերի շուրջ 35 միլիոն եվրոյի դիմաց։
31-ամյա Ալիսոնը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: