Դուրովի ձերբակալության ֆոնին Մասկը չի բացառել X-ի դեմ միջոցների կիրառումը
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության ֆոնին ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը չի բացառում միջոցառումները նաև իրեն պատկանող X սոցցանցի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դուրովի ձերբակալությունից հետո ամերիկացի գործարար Վիվեկ Ռամասվամին X-ի իր էջում գրել է.
«Այսօր Telegram-ն է, վաղը կլինի X-ը»:
Մասկն այս գրառմանն արձագանքել է կրկնակի ընդգծված 100 թվով։
Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։
Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձեռնարկատերը կալանավորվել է։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։