Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին սպառնում է 20 տարվա ազատազրկում. նոր մանրամասներ
Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին սպառնում է 20 տարվա ազատազրկում։
Ռուսական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ կալանավորման օրդերը տրվել էր այն պատճառով, որ Դուրովը չի համագործակցել Ֆրանսիայի ուժային կառույցների հետ։ Նրան մեղադրանք է առաջադրվելու մի քանի հոդվածով՝ ահաբեկչություն, թմրանյութեր, խարդախություն, փողերի լվացում, մանկապիղծ կոնտենտի հրապարակում։
Ֆրանսիացիները ցանկանում են հասանելիություն ունենալ ահաբեկչությանն առնչվող գործերի վերաբերյալ գաղտնագրված նամակագրությանը:
Դուրովի դեմ Ֆրանսիայի իշխանությունների մեղադրանքներից մեկն էլ կապված է ֆուտբոլի հետ։ Մարդիկ բոյկոտել են հեռուստացույցով Լիգա 1-ի խաղերի բաժանորդագրությունը՝ բարձր գնի պատճառով և Telegram-ի միջոցով դիտել են չլիցենզավորված հեռարձակումները։
Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։
Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձեռնարկատերը կալանավորվել է։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։