ru24.pro
World News in Armenian
Август
2024

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանին դատավորի պաշտոնից հեռացնելու բոլոր հիմքերն առկա են․ Արսեն Բաբայան

0

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանին դատավորի պաշտոնից հեռացնելու բոլոր հիմքերն առկա են։

Ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը․

«Հրայր Թովմասյանի գործով ընդամենը 20 րոպե տևած դատական նիստին, այնուհետև՝ պաշտպան Արամ Օրբելյանի ասուլիսին հետևելուց հետո ինձ համար միանշանակ է, որ առերևույթ առկա են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը։ Փաստորեն, հուլիսի 25-ին Տաթևիկ Գրիգորյանը, Նորայր Փանոսյանի՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով դատարան չներկայանալու պատճառով քրեական գործը բաժանել է՝  չունենալով դրա լիազորությունը։

Դատաքննության փուլում գործը կարող է բաժանվել մի դեպքում՝ երբ ամբաստանյալներից մեկի տևական հիվանդության կամ փախուստի մեջ գտնվելու պատճառով նա չի մասնակցում դատական նիստերին, որի պատճառով խախտվում է մյուս ամբաստանյալի կամ ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում գործի քննության ժամկետները։ Փանոսյանը փախուստի մեջ չի գտնվում, իսկ նիստից բացակայելու  հիմքում ընկած հանգամանքները ժամեր անց վերացել են։ Փանոսյանի մասով դատավորը միանշանակ արդեն իսկ խախտել է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:

Այնուհետև քմծիծաղով ու ռեպլիկներով է արձագանքել դատական նիստը մինչև հաջորդ օրը հետաձգելու՝ Օրբելյանի միջնորդությանը, չտալով անգամ մեկ օր ժամանակ, որպեսզի պաշտպանական կողմը պարզի թե ինչ միջնորդություններ են ներկայացված, որոնց պետք է միանա, որոնք պետք է ներկայացնի։ Դրանից հետո էլ Հրայր Թովմասյանին ապօրինի կերպով հեռացրել է դատական նիստից, այն էլ՝ 10 ժամով՝ դատախազին ամենագետ անվանելու և իր ձեռքին պահած քրիստոնեական խորհրդանշով թևնոցը չթաքցնելու համար։ Սրանով Դատավորը նպատակ է հետապնդում ավարտել այս գործի քննությունը առանց Թովմասյանի ավարտական ճառ ասելու հնարավորություն տալու։ Անձը կարող է հեռացվել դատական նիստից, երբ վերջինս խաթարում է դատարանի բնականոն գործունեությունը և այն հնարավոր չէ վերականգնել։ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահին անգամ նիստ անցկացվել չէր կարող։ Դատավորը հանրային պաշպան է ներգրավել օրենքի կոպիտ խախտմամբ. դատավորի հղումը ՍԴ որոշմանը, բացարձակ վերաբերելի չէ այս դեպքին։ Հրայր Թովմասյանը չի ծանուցվել օգոստոս 8-ի ու 15-ի նիստերի մասին, և  դրանով իսկ խախտվել է Հրայր Թովմասյանի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը։ Այս դատավորի գրասենյակի թափթփվածության արդյունքում  Արամ Օրբելյանին նիստերի մասին ծանուցումը ուղարկվել է Շարուրի փողոցի ինչ-որ հասցեով: Պարզվում է, որ Օրբելյանը, ոչ միայն այդ հասցեում հաշվառված չէ, չի բնակվում, գործունեություն չի իրականացնում, այլև անգամ չգիտի, թե ֆիզիկապես քաղաքի որ հատվածում է գտնվում այդ հասցեն։ Զավեշտը դրանով չի ավարտվում։ Պարզվում է Շարուրի հասցեով է ուղարկել նաև նախորդ դատական նիստերի ձայնագրությունների կրիչները, փաստորեն՝ ինչ-որ մեկը դրա իրավունքը չունենալով դրանք ստացել է։ Իսկ դատավորն էլ իրենից գոհ դեմքով պնդում էր, որ Օրբելյանը նախորդ բոլոր նիստերի մասին պատշաճ ծանուցված է եղել և ձայնագրություններն էլ ստացել է։

Զավեշտը սրանով էլ չի ավարտվում։ Դատավորը հպարտ դեմքով հայտարարում է, որ Արամ Օրբելյանին տուգանելը օրինական է եղել, քանի որ տեսեք, Օրբելյանը անգամ չի բողոքարկել իրեն տուգանելու որոշումը։ Այս դեպքում էլ պարզվում է, որ այս որոշումը ևս Շերամի փողոցի դեռ չպարզված մարդն է ստացել.  Դե, եթե տվյալ անձը չի բողոքարկել, ուրեմն Արամը համաձայն է։ Ու դատավորը փոխարենը ներողություն խնդրի իր ու իր գրասենյակի թափթված աշխատանքի, անպատասխանատու պահվածքի համար, որով խախտել է դատավարության մասնակիցների մի շարք իրավունքներ, հայտարարում է, որ կրիչները ՎԵՐՍՏԻՆ կտրամադրվեն։ Զավեշտը սրանով էլ չի ավարտվում։ Այսօրվա նիստում, երբ արդեն նիստը ավարտված էր, հաջորդ նիստը նշանակված, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մի նախօրոք պատրաստած շպարգալկա հանեց ու սկսեց կարդալ, որից տպավորություն ստեղծվեց, որ դատավորը ներմուծել է մի նոր դատավարական ինստիտուտ, այն է՝ ինքնապաշտպանական ճառ։ Եթե չիմանայի, որ դատավորը այդ տեքստը կարդում է իր կողմից նախագահվող նիստում, վստահորեն կպնդեի, որ նա այն կարդում է ԲԴԽ-ում իրեն աշխատանքից ազատելու հարցով հրավիրված նիստին։

Դասականը կասեր՝ մի շտապի, կհասցնես։ Այս ամբողջից կարելի է վստահ հետևություն անել, որ Տաթևիկ Գրիգորյանը ոչ միայն դաբրո ունի նման կերպ վարվելու, այլև միգուցե և հրահանգ։ Հնարավոր է, որ Կարեն Անդրեասյանի օրոք Տաթևիկը պատասխանատվության չենթարկվի։ Բայց անդրեասյանները հավերժ չեն, նախորդ իշխանության օրոք էլ բազմաթիվ դատավորներ են եղել, որ Տաթևիկի պես էին մտածում»։